Ամերիկացի երգիչ Թոնի Բենեթի Duets II ալբոմը զբաղեցրել է առաջին տեղը Biilboard-ի հիթ շքերթում: Մեկ շաբաթվա ընթացքում այդ ալբոմը վաճառվել է 179 հազար տպաքանակով: Այսպիսով, 85-ամյա Բենեթը դարձել է ամենատարեց երգիչը, որին հաջողվել է գլխավորել ամերիկյան չարթը: Նախորդ ռեկորդը պատկանում էր Բոբ Դիլանին, որը 2009թ.-ին Together Through Life ալբոմով նույնպես հանգրվանել էր առաջին հորիզոնականում: Այն ժամանակ Դիլանը 67 տարեկան էր:
Duets II ալբոմում տեղ են գտել զուգերգեր Լեդի Գագայի, Մերայա Քերիի, Քերի Անդերվուդի և վաղամեռիկ Էմի Ուայնհաուսի հետ: Երկրորդ տեղը ամերիկյան չարթում զբաղեցրել է Lady Antebellum խումբը Own the Night ալբոմով, իսկ երրորդը` Ադելը` «21» ալբոմով:









































