«Հայաստանում անպտղությունը 18 տոկոս է կազմում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը` խոսելով «Անպտղության դեմ պայքարի արդի մեթոդները. արտամարմնային բեղմնավորում» թեմայի շուրջ:
«Տարբեր պատճառներ կան անպտղության համար, որոնք կարող են բուժվել այլ միջամտությամբ, օրինակ` հնարավոր է բուժել լաբորասկոպիկ հետազոտություններով: Բայց լինում են մի շարք դեպքեր, երբ արտամարմնային բեղմնավորումը լինում է միակ տարբերակը, որ ընտանեկան զույգը կարող է ունենալ իր երեխան: Սա լինում է, երբ բացակայում են փողերը` տարբեր գործընթացների հետևանքով, կամ կարող է լինել, երբ կա անհամատեղելիություն, նաև կարող է լինել այն դեպքում, երբ տղամարդու մոտ սերմնաբջիջները քիչ են: Այս դեպքում օգտվում ենք դոնորական սերմից, այս մեթոդը թույլ է տալիս օգտագործել միայն մի քանի սերմ, այլ ոչ` մի քանի հազար»,- բացատրեց Գ. Օկոևը:
Նա անդրադարձավ նաև փոխնակ մայրերի թեմային՝ բացատրելով, որ լինում են դեպքեր, երբ կինը չի կարողանում պահել հղիությունը կամ, երբ չունի արգանդ: Այս դեպքում բժշկությունը դիմում է փոխնակ մայրությանը: «Հայաստանում բավականին վստահություն կա փոխնակ մայրության նկատմամբ, իսկ այս մեթոդից օրենքով միայն կարելի է օգտվել, երբ կա բժշկի թույլտվություն»,- նշեց մասնագետը:
Գ. Օկոևը խորհուրդ տվեց չդիմել հեքիմների օգնությանը: Նրա խոսքով` շատ հեքիմներ կան, որոնք դեղաբույսերով են բուժում, բայց պետք չէ հավատալ խոտերով, հայացքով, ձեռքով բուժող հեքիմներին: «Անպտղության դեմ պետք է պայքարեն նաև հոգեբանները, քանի որ հեքիմների մոտ, իմ համոզմամբ, բուժվում են և հղիանում, երբ հոգեպես հանգստանում են և վստահում»,- մեկնաբանեց Գ. Օկոևը:











































