Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին մասնակցող Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նոր նախագահ Անտոնիո Կոշտայի հետ, որը այդ պաշտոնում հունվարից փոխարինել է հայտնի Շարլ Միշելին: Մյունխենի հանդիպումը Փաշինյան-Կոշտա առաջին հանդիպումն է, սակայն նրանց առաջին շփումը եղել է ավելի վաղ՝ հունվարի 13-ին, հեռախոսով:
Հայաստանի վարչապետն ու Եվրոպական խորհրդի նոր նախագահն այդ ժամանակ քննարկել էին գործակցության հեռանկարները: Ընդ որում՝ Կոշտան դրանից մեկ շաբաթ առաջ հեռախոսազրույց էր ունեցել Իլհամ Ալիևի հետ, իսկ այդ ընթացքում էլ Ադրբեջան և Հայաստան էր ժամանել Վրաստանի ճգնաժամի և Հարավային Կովկասի հարցերի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որն էլ այդ պաշտոնում փոխարինում է ոչ անհայտ Տոյվո Կլաարին:
Կոշտան թե Իլհամ Ալիևի, թե հետո Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների առնչությամբ գրառումներ արեց՝ նշելով, որ անհամբեր սպասում է նրանց հետ հանդիպման: Կոշտան Մյունխենի՞ն էր սպասում, թե՞ ունի այլ ծրագրեր, կապված Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնք կարող էին քննարկվել Մյունխենում Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը: Հայտնի չէ՝ Ադրբեջանի նախագահը կայցելի՞ Մյունխեն, թե՞ ոչ: Եվրոպական խորհուրդը հայ-ադրբեջանական գործընթացում, ըստ էության, առանցքային դեր ունեցավ 2021-23 թվականներին, երբ Շարլ Միշելի նախաձեռնությամբ ստեղծվեց այսպես ասած «բրյուսելյան գործընթացը»:
Նախորդ տարեվերջին, Բաքվում Cop29-ի շրջանակում, ընդունելով Շարլ Միշելին, որը պաշտոնավարում էր իր վերջին ամիսը, Ալիևը հայտարարել էր, որ հենց եվրոպական հարթակում ձևավորվեցին 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական գործընթացի կարևոր օրակարգային հարցերը: Թե հատկապես ինչը նկատի ուներ Ալիևը, հնարավոր է ենթադրել, բայց հատկանշական է, որ իր պաշտոնավարման ավարտին փաստորեն Cop29-ի առիթով Բաքու մեկնած Շարլ Միշելը չփորձեց այսպես ասած պահել պարիտետն ու այցելել նաև Հայաստան: Իսկ ցանկության դեպքում դա թերևս բարդ չէր, ինչպես որ բարդ չէր Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքի պարագայում, որը նույն միջոցառման առիթով այցելելով Բաքու, այդուհանդերձ, գտավ ժամանակ և ճանապարհին թեկուզ երեք ժամով եղավ Հայաստանում:
Իհարկե, Բերբոքն այսպես ասած գործող դիվանագետի աշխատանքի տրամաբանությամբ թերևս հարցեր էր քննարկում Երևան-Բաքու տիրույթում, բայց բոլոր դեպքերում օրինակը նշանային է այն առումով, որ Եվրոպական խորհրդի նախագահն իր պաշտոնավարման ավարտին չպահեց պարիտետ Երևանի և Բաքվի միջև: Հայտնի չէ՝ Անտոնիո Կոշտան ունի՞ հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ «օրակարգային» իր պատկերացումները և պատրաստվո՞ւմ է արդյոք «Բրյուսել-2»-ի: Բացառված չէ, որ դա կախված կլինի այն հանգամանքից, թե ուկրաինական հարցում ինչ նոր մարտահրավերներ կլինեն Եվրոպայի առաջ ամերիկա-ռուսական կոմունիկացիայի առնչությամբ:








































