Փետրվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների իրականացման համագործակցության մասին Ռուսաստանի Դաշնության հետ միջկառավարական համաձայնագիրը: Այն կողմերի տրանսպորտի նախարարների մակարդակով ստորագրվել է 2024թ. դեկտեմբերի 21-ին:
Չնայած փաստաթղթի հնարավորինս «գեղեցիկ փաթեթավորմանը», իրականում այն վերաբերում է Ռուսաստան-Իրան ցամաքային բեռնափոխադրումների տրանզիտի ապահովմանը: Ընդ որում՝ այն Ռուսաստանին տալիս է Ադրբեջանի տարածքում երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդուղիների արդիականացման, ենթակառուցվածքների ստեղծման հնարավորություն:
Մեկ օր առաջ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին և խոսել բարեկամական ու եղբայրական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունից: Խիստ ուշագրավ է, որ ռուս-ադրբեջանական տրանսպորտա-տրանզիտային համաձայնագիրն Իլհամ Ալիևի կողմից հաստատվել, այսինքն՝ իրավական ուժի մեջ է մտել ԱՄՆ-Իրան դիվանագիտական «փոխհրաձգության» էլ ավելի ծավալման ֆոնին: Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցելու իմաստ չկա:
Աչքի է զարնում ևս մեկ իրողություն. Բաքվի իշխանական լրատվամիջոցները հատվածաբար տարածում են Դավոսում չինական հեռուստաընկերությանն Իլհամ Ալիևի հարցազրույցը, որտեղ նա Ադրբեջանը դասում է «իմպերիալիստական անցյալ ունեցող պետությունների ազդեցությունը հաղթահարող» երկրների շարքին, որ կարողացել է «պաշտպանել ազգային շահերը, կենսակերպը»:
Ալիևը Դավոս է մեկնել Բաքու-Գրոզնի օդանավի աղետից հետո, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Վերջինս նրան հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի դեմ, որպեսզի խոստովանի մեղքը: Մոսկվան կտրուկ հերքում է ադրբեջանական օդանավը «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցվելու վարկածը: Ռուսաստանյան մամուլն Իլհամ Ալիևին անվանել է «բռի» և պահանջել, որ Ռուսաստանի հասցեին թույլ տված արտահայտությունների համար ներողություն խնդրի:
Անցած օրերին, երևում է, Մոսկվայից Ալիևին ինչ-որ «բան են հասկացրել»: Ալիևը Թեհրանի հետ հարաբերությունների խորացումն անվանել է տարածաշրջանային կայունության երաշխիք: Ռուսաստան-Իրան բեռնափոխադրումների իրավական ի՞նչ ռեժիմ է գործելու Ադրբեջանի տարածքում՝ այդ մասին տեղեկատվություն չկա:
Հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ քննարկում է ցամաքային սահմանի «մասնակի բացման» հարցը: Խոսքն, ըստ որոշ աղբյուրների, Բաքու-Մախաչկալա մարդատար գնացքի գործարկման մասին է: Ավելի վաղ քաղաքական վտարանդի Միրկադիրովը գրել է, որ Ռուսաստանից արտաքսված տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ չեն կարողանում «հայրենիք վերադառնալ և կուտակվել են Դաղստանում»:
Երևում է, վերջին մեկ-երկու շաբաթներին Մոսկվա-Բաքու «թեժ գծով» բավական լուրջ քննարկումներ են ընթացել: Հակառակ պարագայում Ռուսաստանից պաշտոնական ներողություն, փոխհատուցում և մեղքի խոստովանություն ակնկալող Ալիևը գոնե այս փուլում չէր վավերացնի մի համաձայնագիր, որ հստակ աշխարհաքաղաքական կարևորություն ունի:
Մնում է հասկանալ՝ Մոսկվայից Ալիևին «սպառնացե՞լ են», թե նրան «նոր քաղցրաբլիթ են առաջարկել»: Կամ, գուցե, քաղաքական իշխանությունը մի ուղերձ է փոխանցել, հատուկ ծառայություններն՝ այլ: Փետրվարի 11-ին Բաքուն հայտնել է «ավտովթարի հետևանքով զինծառայողի զոհվելու» մասին: Դատելով դեպքի վայրից՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանցի զինծառայողն սպանվել է «Անտառային եղբայրներ» խմբավորման դեմ հատուկ գործողության ժամանակ. Ադրբեջանի հյուսիսային՝ լեզգիաբնակ շրջաններում փետրվարի սկզբից «հակաահաբեկչական հատուկ ռազմագործողություն» է ընթանում: Ըստ ադրբեջանական որոշ աղբյուրների՝ Մոսկվայում քննարկվում է «լեզգիական անջատողականություն հրահրելու» հավանականությունը:







































