ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո Պանամայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը չի շարունակի Չինաստանի հետ կնքված հուշագիր, որ վերաբերում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությանը:
Ավելին՝ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն նշել է, որ կդիտարկեն 2017 թվականին ստորագրված այդ հուշագրից ժամանակից շուտ դուրս գալու հնարավորությունը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պանամայի ու Չինաստանի այդ գործակցությունը դիտարկում է սպառնալիք ԱՄՆ համար և Պանամային սպառնացել է հետևանքներով, որոնք էլ այդ երկրի ղեկավարությանն է փոխանցել պետքարտուղար Ռուբիոն:
Դոնալդ Թրամփը օրերս նաև ստորագրեց Չինաստանի, ինչպես նաև հարևաններ Մեքսիկայի ու Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու մասին հրամանագիր: Հայտնի է նրա դիրքորոշումն ու հետևողականությունը Գրենլանդիայի հարցում: Թրամփի գործողությունները վկայում են, որ համաշխարհային ազդեցության գոտիների վերաբաժանման գործընթացը նա փաստացի մտցնում է առավել կոշտ մի շրջափուլ: Պանամայի հանգամանքը այստեղ էական է, հաշվի առնելով այն, որ Թրամփը փաստացի թիրախավորում է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը:
Այն թիրախավորվում է անմիջականորեն ԱՄՆ «տիրույթներին» մոտ, սակայն հարց է առաջացնում, թե ի՞նչ կանի Թրամփի վարչակազմն ավելի հեռու գոտիներում, կամ այսպես ասած՝ Չինաստանին ավելի մոտ: Այստեղ, բնականաբար, էական է նաև Կովկասի ստատուս քվոյի հանգամանքը: Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախկին վարչակազմի բարձրաստիճան դիվանագետները հայտարարում էին, որ Նահանգների համար առաջնահերթություն է Միջին միջանցքը՝ Կենտրոնական Ասիայից Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա և Միջերկրական ծով երթուղին, այդ թվում՝ Չինաստանի առևտրային ճանապարհները շրջանցելու համար:
Թրամփի համար դա շարունակո՞ւմ է լինել առաջնահերթություն, թե՞ նա կկենտրոնացնի ուշադրությունը ԱՄՆ համար ավելի մոտ գոտիներում Չինաստանին զսպելու և սահմանափակելու վրա, իսկ ավելի հեռվի պարագայում կարող է ավելացնել «սակարկության» տարածությունը, այդ թվում նույն Չինաստանի հետ, բայց՝ ոչ միայն: Արդյո՞ք այդ հարցում Թրամփի դիրքորոշման որոշակիությունը հասկանալու և պարզելու համար է նաև, որ Ադրբեջանը առ այսօր չի արձագանքել ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ Երևանի առաջարկին, որը փոխանցվել է մի քանի ամիս առաջ:
Ընդ որում՝ թերևս ուշադրության է արժանի, որ դա փոխանցվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի վերջին Փաշինյանին ու Ալիեւին փոխանցվեցին Ջո Բայդենի նամակները: Թրամփն իր պաշտոնամուտի առաջին իսկ օրերից չեղարկել է Բայդենի շատ որոշումներ, իսկ նամակնե՞ր: Հավանաբար Վաշինգտոնում դա կփորձի հասկանալ նաև իր ժամանակը փետրվարի 3-7-ն այնտեղ անցկացնող Փաշինյանը:










































