«Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից»,- Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 13-ին: Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Կոշտայի հարցին ի պատասխան, նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան գործընթացի ընթացիկ վիճակի մասին:
Եվրոպական խորհրդի նախագահը, որը նոր է ստանձնել իր պարտականությունը, նախորդ շաբաթ հեռախոսազրույց էր ունեցել Իլհամ Ալիևի հետ: Դրան զուգահեռ, Բաքու, իսկ հետո Երևան էր այցելել նաև Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերի ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն: Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո Անտոնիո Կոշտան գրառում էր արել, որտեղ նշել էր, թե անհամբեր սպասում է նրա հետ մոտակա հանդիպմանը:
Այդ գրառումից հնարավոր էր ենթադրել, որ դիտարկվում է Ալիևի այց Բրյուսել: Ի՞նչ գրառում կանի Կոշտան Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Կհայտնի՞ նրա հետ հանդիպման «անհամբեր սպասում»: Իսկ հնարավո՞ր է, որ Կոշտան մոտակա հեռանկարում կատարի առաջին այցը ռեգիոն: Նա կփորձի՞ նախաձեռնել որևէ գործընթաց, որ պայմանականորեն կարող ենք որակել «Բրյուսել-2»: Կոշտայի նախորդը, Շարլ Միշելը, 2021-ին նախաձեռնեց բրյուսելյան առաջին գործընթացը, որի հավաքական «արդյունքը» եղավ այն, որ օրակարգը, ըստ էության շեղվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում արձանագրվեց նոր իրավիճակ, որտեղ , սակայն, Հայաստանը ստանձնեց ըստ էության ճակատագրական պարտավորություններ, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
Նոյեմբերին Կլիմայի գագաթնաժողովի շրջանակում Իլհամ Ալիևը հյուրընկալել էր Շարլ Միշելին, որը կատարել էր իր վերջին ուղևորությունը՝ պաշտոնը թողնելուց առաջ: Ի դեպ, հատուկ ուշադրության է թերեւս արժանի, որ Կովկաս իր այդ վերջին ուղևորությամբ Միշելը չփորձեց պահել պարիտետ և լինել ոչ միայն Բաքվում, այլ նաև Հայաստանում: Նոյեմբերի 11-ին ընդունելով Շարլ Միշելին Բաքվում, Ալիևը շնորհակալություն է հայտնել նրան, նշելով նաև, որ հենց նրա միջնորդության շնորհիվ ձևավորվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի առանցքային ուղղությունների կառուցվածքն ու օրակարգը: Անտոնիո Կոշտան մտադիր է նոր բա՞ն առաջարկել կամ նախաձեռնել, թե՞ մնալ այն «կառուցվածքի և օրակարգի» շրջանակում, որ Ալիևի խոսքով ձևավորվել է Շարլ Միշելի միջնորդությամբ:







































