Հերոինը քչություն արեց: Էնպես չէր որ շատ քիչ էր, պարզապես եղածը չէր ազդում: Հետո հաշիշով փորձեցի հասնել ուզածս վիճակին, սակայն դա էլ հաճույքի փոխարեն սրտխառնոց ու գլխապտույտ առաջացրեց: Ես սկսեցի փսխել ու չմարսված կերակուրի հետ մարմնիցս սկսեցին դուրս թափվել արյան լերդացած մասնիկներ, որոնք սկսեցին ներքին օրգանների տեսք ստանալ:
Զգացի, որ մարմնիս մասերն անջատվում են ինձնից, ու, որպեսզի զսպեմ մասնատման պրոցեսը, արագ վազեցի հայելու մոտ, որ կարողանամ տեսնել` ինչ է հետս կատարվում կամ գոնե վերջին անգամ նայեմ ամբողջական մարմնիս:
Ես չէի էլ սխալվում, չնայած մարմնիս բոլոր մասերը դեռևս տեղում էին, սակայն անհասկանալի մի ուժ նրանց փորձում էր պոկել: Դեմքս լայնանում էր, հետո նեղանում, ականջներս մի կողմ էին քաշվում, իսկ աչքերս էլ աշխատում էին դուրս թռչել բիբերից ու, գնդակի պես գլորվելով, հեռանալ:
Ամենալավը մաքուր օդին աղոթելն է` անձրևից հետո, երբ նոր հնձած խոտը թրջվում է, ու էդ հոտը, խառնվելով աղոթքին, բարձրանում է երկինք: Ուղեղդ ամեն ինչ այնքան պարզ է սկսում ընկալել, որ կարծես հատուկ այդ օրվա համար ստեղծված լինի:
Մարդը հալչող էակ է, ու՝ ոչ միայն մարդը, ամեն-ամեն ինչ, ինչ որ կա ու ինչ որ դեռ չկա էլ, միևնույն է, հալչում է, սակայն կարող ես հալչելով միաձուլվել աղոթքին, իսկ կարող ես միաձուլվել հաշիշին, սակայն դա էլ էական չէ, պարզապես ինքնաարդարացման ձև է:
Ձմեռվա ավարտվելն իր մաշկի վրա ամենաշատ Ձնեմարդն է զգում. սկզբում ընկնում է նրա քիթը, հետո՝ աչքերը, հետո՝ բերանը, իսկ ձեռքին խրած ավելը մինչև վերջ դիմադրում է, ու այդ ավելը, որպես դրոշ, ծածանվում է արևի ճառագայթներին դեմ-հանդիման ու հերոսի պես ընկնում:
Ձմեռ պապից Նոր տարվա շեմին մի նվեր-երազանք ուզեցի՝ այս տարի մեռնել: Չգիտեմ` այս տարի երազանքս կկատարվի՞, սակայն մի օր հաստատ կկատարվի, այլապես կդադարեմ հավատալ Ձմեռ պապերին:
Ձմեռ պապից ավելի կաթոլիկ էի ուզում երևալ, սակայն չէր ստացվում` նվերները անանուն եմ սիրում տալ: Իսկ ում են ընդհանրապես պետք այդ անունները, որ կյանքը թողած՝ ընկել ենք ինչ-որ անունների ետևից:
Ձնեմարդուս անունը որոշեցի դնել Ամառ, ու երբ նրան կանչում էի, նա երբեք չէր գալիս մոտս:
-Ամառ, Ամառ, Ամառ…,-չէ, բայց դա Ձնեմարդս չէր, այլ հեռուստացույցի հեռակառավարիչս, որ հենց ալարում էի նրան հասնել, կանչում էի, որ մոտս գա, սակայն նա միշտ ինձ արհամարհում էր: Իսկ Ձնեմարդուս անունը չեմ հիշում, հո հիմար չեմ՝ անուն դնեմ մի բանի, որ պետք է արևի առաջին շողերից հալչի ու գնա:
Ամենալավն ինքնասպան լինելու համար երկուշաբթին է, որովհետև ամբողջ շաբաթն առջևում է, ու կհասցնես դեռ շաբաթվա պլաններ կազմել, հակառակ դեպքում, երբ էլ մեռնես, նույն էֆեկտն է, հաստատ եմ ասում, փորձած բան է, եթե, իհարկե, որդերը այդ օրը չորոշեն ծոմապահություն անել ու քեզ միայնակ թողնել քո մաս-մաս հեռացող մարմնի հետ:
Հենց երկուշաբթին անցնում էր, արդեն երեքշաբթի ինքնասպան լինելս էլ չէր գալիս, իսկ նույնիսկ այդպիսի ցանկության դեպքում էլ վերցնում էի Ամառին ու նրանով փոխում հեռուստացույցի ալիքներն այնքան ժամանակ, մինչև որ հասկանայի, որ մեռնելն ավելորդ է, իսկ ապրել, ապրել միշտ էլ կհասցնեմ: Մեռնելուց հետո էլ մարդ պետք է մեռնի իր ծնված օրը, որ այցելուները չիմանան` շնորհավորե՞լ թե՞ ցավակցել:
Հիշեցի Ձնեմարդուս անունը` Հիստերիկ, որովհետև հենց արևի շող էր տեսնում, միանգամից ընկնում էր հիստերիայի մեջ, ու միայն այդ ժամանակ էի հասկանում լատիներեն այդ բառի իմաստը` Հեշտոց:
Նա վախից կուչ էր գալիս, հետո արևի հեռանալուն պես կրկին հեշտոցը բացում ու կրկին ծնվում:
Մենք էլ ամեն օր, արևը բացվելուն պես մի փոքր հալչելով՝ մեռնում ենք ու հաջորդ օրը կրկին ծնվում: Ա՛յ, որ Հեշտոցը բացատրեր իմ ծնվելու իմաստը, այդ ժամանակ այդքան անհամբեր չէի սպասի երկուշաբթի օրվան:
Մեղքի չափաբաժինը հավասարաչափ պետք է բաժանվի շաբաթվա օրերի մեջ, թե չէ մինչև շաբաթվա վերջ ձնագնդիկի պես մեղքերդ կհավաքես ու արդեն կիրակի օրով մեղքի տակից դուրս չես կարող գալ: Հեշտոցն էլ երևի իր վիճակից դրդված էր ապավինում խավարին:
Չնայած անձնագրով նրա անունը Հիստերիկ էր, սակայն ես միշտ մոռանում էի ու մականունով էի նրան դիմում, իսկ նա չէր ընկնում մանրուքների ետևից ու անձնագիրը աչքս չէր խոթում: Նա ինձնից էլ լավ գիտեր, որ անունը ոչինչ է, իսկ էությունն այն է, ինչ կաս տվյալ պահին, սակայն հենց պահը կորցրեցիր, դու արդեն կնքված ես ուրիշ անվամբ:
Պատմությունը միայն սկլեռոտիկների գործն է, մեկ էլ շիզոֆրենիկներինը, որ երբ ինչ ուզենան՝ պատմեն, որ չմոռանան, կարծես մի քանի դար հետո հնարավոր չէ պատմությունը վերաշարադրել ու մի ավելի տրամաբանական սուտ գտնել, որ դրանից հետո մի քանի դար չկարողանան հերքել:
Ես ցանկացած պահի կարող էի դառնալ պատմություն, քանզի ոչ սկլեռոզս էր պակաս, ոչ էլ շիզոֆրենիաս էր քչություն անում, սակայն ամեն երկուշաբթին ինձ ստիպում էր սթափվել, որ ինքնասպան չլինեմ, քանի որ ամենալավ օրը ինքնասպան լինելու համար երկուշաբթին է, իսկ ամենալավ պատմությունը` մարդու մարմնի ձնհալն է, երբ քիթդ առաջ է ընկնում բերանիցդ, մի ականջդ տեսնում է մյուսին, իսկ ծոծրակդ էլ նայում է ճակատիդ ու շշպռում, որ ամենալավ մարդը Ձնեմարդն է, ով ավելը ձեռքին պայքարում է մինչև վերջ:
Ու կապ չունի նրա անունը ինչ է, ու թե երբ արևը կբացվի, կարևորը նա հասկացել է, որ արևը իրենից ուժեղ չէ…









































