Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025 թվականին, Հայաստանի քաղաքացիներին հղած տարեմուտքի շնորհավորական ուղերձում ասում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: 2025 թվականին հայ-ամերիկյան հարաբերության զարգացման հարցն ստացել է նոր երանգ այն համատեքստում, որ ԱՄՆ 2025 թվականին ունենալու է նոր վարչակազմ, փաստացի նոր իշխանություն:
Թե՛ Սպիտակ տունը, թե՛ Կոնգրեսը, ըստ էության, ղեկավարելու են հանրապետականները: Սպիտակ տանը լինելու է Դոնալդ Թրամփի վարչակազմը, որի շատ մոտեցումներ հիմնավոր հարցեր են առաջացնում Հարավային Կովկասի հանդեպ ամերիկյան քաղաքականության մարտավարության հնարավոր փոփոխությունների, ուշադրության հնարավոր նվազման վերաբերյալ: Իսկ ԱՄՆ մարտավարական փոփոխությունները անշուշտ Կովկասի երկրների համար կարող են ունենալ շատ ավելի ընդգրկուն նշանակություն:
Հաշվի առնելով տրամաչափերի տարբերությունը: Այս հանգամանքները հայ-ամերիկյան հարաբերության առումով էական անհրաժեշտություն են դարձնում Հայաստանի բովանդակային նախաձեռնողականությունը: Եթե մարտավարությունից, մոտեցումներից, աշխարհաքաղաքական պատկերացումների համատեքստում գոյություն ունեցող առաջնահերթություններից ելնելով, ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը ակտիվ էր Կովկասի ուղղությամբ, այդ թվում նաև Հայաստանի՝ հետևաբար Երևանին այսպես ասած «մնում» էր միայն արձագանքել, ապա ԱՄՆ դե ֆակտո նոր իշխանության պայմաններում հայ-ամերիկյան հարաբերության լճացում կամ ստագնացիա թույլ չտալու համար նախաձեռնողական պետք է լինի Հայաստանը, փորձելով ակտիվ շփումներ ունենալ հանրապետական Կոնգրեսի և Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Ընդ որում՝ նախաձեռնողականությունը պետք է ենթադրի առաջին հերթին բովանդակություն, օրակարգային առաջարկներ, որոնք համահունչ կլինեն այն աշխարհաքաղաքական պատկերացումներին ու հետաքրքրություններին, որ ունի ԱՄՆ նոր վարչակազմը:







































