Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի թեմայով բանավեճի է հրավիրել և մերժվել: Այդ առթիվ քննարկումների անգամ թռուցիկ դիտարկումը բացահայտում է ընկալումների բևեռացվածություն, որ, իհարկե, քաղաքական է. փորձագետների մի մասը գտնում է, որ նախկինները հրաժարվել են, քանի որ փաստարկներ չունեն, իսկ մյուսները համարում են, որ Փաշինյանի «հետ խոսելիք չկա»:
Առայժմ բացակայում է մտահոգությունը, թե ի՞նչն է գործող վարչապետին ստիպել, որ «մրցագորգ հրավիրի» նախկին երեք նախագահներին՝ ամենայն հավանականությամբ համոզված լինելով, որ մերժվելու է:
Նիկոլ Փաշինյանը ներքաղաքակա՞ն խնդիր է լուծում: Եթե այո, ապա նա իր նպատակին հասել է: Հանրությունն այլևս համոզվեց, որ, չնայած հրապարակայնորեն դրսևորվող տարաձայնություններին, նախկին երեք նախագահները մի սկզբունքային հարցում «միասնական են» նրանք Փաշինյանի, « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական հակառակորդներն են:
Կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը «պարտադրում է», որ նրանք մնան այդ տիրույթում, քանի որ, այսպես ասած «ավելի լավ ընդդիմություն» պատկերացնել հնարավոր չէ: Հանրության վերաբերմունքը նախկին երեք նախագահների նկատմամբ հայտնի է, իսկ եթե նրանք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մի կողմ թողնեն տասնամյակների հակասությունները և միավորվեն, ապա այդ «դաշինքի» հանրագումարային վարկանիշն ավելի բարձր չի լինելու, քան նախկին նախագահներից յուրաքանչյուրն ունի:
Հավանական է՝ բանավեճի այդ «մարտահրավերով» Փաշինյանը ներկուսակցական, ներքպական «օպորտունիզմի» խնդիրն է փորձում լուծել՝ վստահություն ներշնչելով, որ ինքը քաղաքական գործընթացների «լիարժեք կառավարիչն» է, և Հայաստանում «արտառոց ոչինչ» չի կարող լինել կամ, եթե առօրեական-խոսակցականով ձևակերպենք՝ նախկինների էջն ընդմիշտ փակված է: Եթե Փաշինյանի «սադրանքը» գնահատենք այս դիտանկյունից, ապա նախկին նախագահները, մերժելով բանավեճի հրավերը, նրան «մեծ ծառայություն են մատուցել» Հայաստանում կան հանրային խավեր, որ «լավ տղայի» կամ «թագավոր մարդու» հանդեպ ակնածանք ունեն:
Բայց հարց է՝ Փաշինյանը ներքի՞ն, թե՞ արտաքին քաղաքական նշանակության բանավեճ է «սադրում»: Իսկ եթե հայ-ադրբեջանական բանակցությունները հասել են մի կետի, որ վերջնական համաձայնությունը կախված է «պատմական գործարքի՞ց»: Փաշինյանի առաջարկին առարկայական պատասխան միայն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն է տվել՝ հղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների 2009-2013 թվականների հայտարարություններին, որ սահմանում էին ԼՂ կարգավորման սկզբունքները:
Իսկ ինչո՞ւ հետագա հինգ տարիներին՝ մինչև 2018թ. ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներն այլևս համատեղ հայտարարություն չեն ընդունել: Կամ ինչո՞ւ 2007թ. կողմերին ներկայացված «մադրիդյան սկզբունքներն» արդեն 2009-ին ենթարկվել էին «մոդիֆիկացիայի»: Կարելի՞ է ասել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի, թողած բանակցային ժառանգությունը «չի զարգացրել»: Այլապես ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդները 2009-ին ինչու՞ էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հորդորում «հաղթահարել մի քանի տարաձայնությունները և համաձայնեցնել կարգավորման սկզբունքները»: Կարելի՞ է ունիվերսալ գնահատել այն, ինչ դեռևս կողմերի միջև համաձայնեցված չէր: Իսկ խոսքը կոնկրետ այն մասին է, որ Ադրբեջանը երբեք չի ընդունել, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության կամարտահայտությամբ:
Նիկոլ Փաշինյանն այս իրողությո՞ւնն է փորձում հրապարակայնացնել, Հայաստանի քաղաքացուն համոզել, որ առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղը չէ՞ր կարող անկախանալ: Թե կա՞ ավելի էական անհրաժեշտություն, ինչին նախկին նախագահները տեղյակ են և բանավեճի հրավերը մերժելով՝ Փաշինյանին ասում են, որ նրա հետ Հայաստանի ապագայի համար պատասխանատվություն չեն կիսի: Եթե այդպես է, ուրեմն հայ-ադրբեջանական բանակցությունների «ստագնացիան» խիստ մտահոգիչ է:









































