Anonymous ցանցահենների ավստրիական խումբը Twitter-ի իր էջում Ավստրիայի մոտ 25 հազար ոստիկանների մասին անձնական տեղեկատվություն է տեղադրել:
Ինչպես հայտնում է News.at-ը, Anon Austria անունը կրող ցանցահենների խումբը հրապարակել է 24.938 ոստիկանների անունները, ազգանունները, ծննդյան թվերը և բնակության հասցեները: Ընդ որում, ցանցահենները չեն նշել, որ նման տեղեկատվությունը ձեռք է բերվել հաքերական գործողությունների արդյունքում: Twitter-ում խումբը միայն գրել է. «Այսպես ասենք՝ մեզ տվել են այս տեղեկատվությունը»:
Ավստրիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը փաստի կապակցությամբ հայտարարել է, որ ընթանում է լայնամասշտաբ հետաքննություն:
Anonymous ցանցահենների խումբը հայտնի է իր մի շարք հարձակումներով ԱՄՆ Սենատի ու ԿՀՎ-ի, Բրազիլիայի նախագահի և վարչապետի, ինչպես նաև՝ մի շարք խոշոր ընկերությունների էլեկտրոնային կայքերի վրա:








































