Մի քանի հազար մարդ, որոնք դժգոհ են ԱՄՆ Յուտա նահանգի պահպանողական օրենսդրությունից, որոշել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ոչ ավանդական մեթոդով` ներքնաշորերով վազելով Սոլթ Լեյք Սիթի քաղաքի փողոցներով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ակցիան անցկացվել է սեպտեմբերի 24-ին: Միջոցառման կազմակերպիչներն արգելել են ամբողջությամբ հանվել: Բողոքի ակցիայի մասնակիցները մասնավորապես բարձրաձայնել են նահանգում ալկոհոլային խմիչքների օգտագործման խիստ սահմանափակումների, ինչպես նաև միասեռականների ամուսնությունների արգելքի մասին: Այս քաղաքում է գտնվում մորմոնների կրոնական ուղղության կենտրոնը, որոնք համարվում են պահպանողական գաղափարների կրող:











































