Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոն նոյեմբերի 27-ի առավոտյան գլխավորել է մոլորակի ամենաաղտոտված օդով խոշոր քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով շվեյցարական IQAir ընկերության հրապարակած տվյալները Երևանի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ։
Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքի օդում մանրադիսպերս փոշու պարունակությունը կազմել է 324 միկրոգրամ մեկ խորանարդ մետրում այն դեպքում, երբ անվտանգ շեմը մեկ խորանարդ մետրում 37,5 միկրոգրամ է։ Ցանկում երկրորդ տեղն զբաղեցնում է Լահորը (290 մկգ/խմ), որին հաջորդում է Նյու Դելին (233 մկգ/խմ): Տասնյակում ընդգրկվել են նաև Կահիրեն, Մումբայը և Կարաչին։ Աշխարհի ամենաաղտոտված օդով եվրոպական մյուս քաղաքը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեն է։ Այն զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։
Սարաևոյի մեծ մասը գտնվում է միջլեռնային գոգահովտում, որտեղով հոսում է Միլյացկա գետը։ Այդ պատճառով հովտում հաճախ է պահպանվում ծխամշուշը։ Աղտոտվածության բարձր մակարդակը կապված է նաև ջեռուցման համար վառելափայտի և ածխի լայնածավալ օգտագործման, ինչպես նաև տեղի բնակիչների կողմից հին ավտոմեքենաների օգտագործման հետ:








































