ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը։
«Ես ողջունում եմ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ հայտարարությունը: Հուսով եմ, որ այս համաձայնագիրը վերջ կդնի բռնությանը, տանջանքներին և ավերածություններին, որոնցից տառապում էին երկու երկրները», – գրել է Գուտերեշն X սոցիալական հարթակում։
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը Գուտերեշի անունից տարածված հայտարարության մեջ նշել է, որ «գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում լիարժեք կերպով հարգել և արագ իրագործել համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները»։
Բացի այդ, համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է արել քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի լիովին կատարման ուղղությամբ։
ՄԱԿ-ի թիվ 1701 բանաձևն ընդունվել է 2006 թվականին: Այն նախատեսում է Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև մարտական գործողությունների լիակատար դադարեցում՝ Լիբանանի հարավից իսրայելական զորքերի դուրսբերմամբ՝ լիբանանյան բանակի և ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի անվտանգության երաշխիքների ներքո:
Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Լիբանանում ՄԱԿ-ի հատուկ համակարգողը և ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը պատրաստ են աջակցել այս համաձայնագրի իրագործմանը։







































