Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ստացել է քվեարկության մասնակիցների 53,93 տոկոսի աջակցությունը և ստացել պատգամավորական 89 մանդատ:
Ընտրությունների արդյունքների պաշտոնական հաստատումից հետո Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որով պատրիարք-կաթողիկոս Եղիա Երկրորդը շնորհավորել է «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը: Վրաստանի հոգևոր առաջնորդն իշխանություններին և ընդդիմությանը հորդորել է միասնաբար գործել ի շահ երկրի բարօրության:
«Այս աշխարհում ամեն ինչ Աստծո կամքով է, գլխավորն այն է, որ մենք Աստծո հետ համերաշխ լինենք: Թող Աստված ուժ տա ժողովրդին, թող Աստված խաղաղությամբ օրհնի Վրաստանին: Ամեն», – ամփոփված է ՎՈՒԵ պատրիարք –կաթողիկոսի ուղերձում:
Վրաստանի հոգևոր առաջնորդը հայտարարությամբ հանդես էր եկել նաև խորհրդարանական ընտրությունների նախօրեին և դիրքորոշում արտահայտել, որ սատարում է ավանդական արժեքների պահպանման ուղեգծին: Վրացական մամուլն այդ օրերին բացահայտել է վարչապետ Կոբախիձեի երեք որոշում, որ եկեղեցուն հողատարածքներ հատկացնելու մասին են:
Վրաստանում, ամենայն հավանականությամբ, եկեղեցու և պատրիարք-կաթողիկոսի նկատմամբ հարգանքը չափազանց մեծ է. ո՛չ ընդդիմության առաջնորդները, ո՛չ նրանց աջակցող՝ երկրի նախագահ Զուրաբիշվիլին Եղիա Երկրորդի և վարչապետ Կոբախիձեի միջև «գործարքի» մասին հրապարակային դիրքորոշում չեն հայտնել, թեման, որքանով դիտարկվում է հասանելի աղբյուրներից, առանձնակի չի ծավալվել նաև մամուլում:
Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոսի ուղերձի հղումը, որ այս աշխարհում ամեն ինչ Աստծո կամքով է, փաստացի ընդդիմությանը հղած հորդոր է՝ ընդունել քվեարկության արդյունքները, անցնել խորհրդարանական գործունեության և աշխատել ի շահ և ի բարօրություն Վրաստանի, նրա ժողովրդի խաղաղ ապագայի:
Պատրիարք-կաթողիկոսը քայլ կանի՞՝ նպաստելու, որ իշխանությունը և ընդդիմությունը «համերաշխվեն Աստծո հետ»: Նրա հայտարարության տեքստում ընդդիմության հասցեին քննադատական ոչ մի երանգ չկա, Եղիա Երկրորդը քաղաքական որակումներից և հատկապես վերագրումներից լիովին ձեռնպահ է մնացել:
Դա թույլ կտա՞, որպեսզի նա ընդդիմության առաջնորդների հետ քննարկումներ սկսի, փորձի համոզել, որ երկրի գերակա շահը պահանջում է, որ խորհրդարանը լիարժեքորեն գործի, ձևավորվի նոր կառավարություն, քաղաքական համակարգը կայունանա, հանրային երկփեղկվածությունը հաղթահարվի:
Աբխազիայում ծավալվող իրադարձությունները, եթե դիտարկվեն խորքային առումով, կարող են վտանգել Վրաստանի կայունությունը: Միայն առաջին հայացքից է թվում, թե «հպարտ աբխազները չեն ընդունում Ռուսաստանի լուծը»: Իսկ ի՞նչ են ընդունում, եթե անկախության նախագիծը սկզբունքորեն ձախողված է, վերբեռնման չի տրվում՝ արդեն գրեթե տասը տարի:
Վրաստանի ընդդիմության վրա, ըստ այդմ, կարող է մնալ ողջ Հարավային Կովկասում ֆորս մաժորի համար պատասխանատվությունը: Վրաստանի հոգևոր առաջնորդը, կարծես, այդ մասին է ասում, երբ Աստծուց Վրաստանի համար խաղաղության օրհնություն է խնդրում:







































