Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի պաշտոնական բացմանն Իսրայելի նախագահ Հերցոգը ներկա չէր, թեև նրա Բաքու այցն անոնսավորվել էր մոտ մեկ շաբաթ առաջ: Նոյեմբերի 11-13-ը Հերցոգը գտնվել է Վաշինգտոնում, հանդիպել նախագահ Բայդենի և վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Իսրայելը խորհրդարանական կառավարման պետություն է, նախագահը միայն ներկայացուցչական գործառույթներ է իրականացնում: Այդուհանդերձ, Հերցոգի ներկայությունը Բաքվի COP 29-ի բացմանը, պետությունների ու կառավարությունների ղեկավարների ձևաչափով քննարկումներին նրա մասնակցությունը որոշակի առումով կկարևորեր այդ միջոցառումը:
Հայտնի է դարձել, որ Իսրայելի նախագահը Բաքու է այցելելու նոյեմբերի 19-ին և քաղաքական հանդիպումներ է ունենալու: Խոսքը, ըստ երևույթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին է, որովհետև խորհրդաժողովին ներկայացած օտարերկրյա առաջնորդներն արդեն Բաքվում չեն:
Իսրայելական calcalist.co.il –ը հայտնում է, որ Հերցոգի հետ Բաքու են մեկնելու նաև կառավարության մի քանի անդամներ: Ընդ որում՝ էներգետիկայի և գյուղատնտեսության նախարարները հրաժարվել են մեկնել: Հերցոգի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են բնապահպանության և տրանսպորտի նախարարներ Իդիտ Սալմանը և Միրի Ռեգևը:
Լրատվամիջոցի տեղեկացվածությամբ՝ Իսրայելի նախագահի և պատվիրակության անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով կառավարությունը Բաքու է գործուղել հատուկ ծառայությունների բազմաթիվ աշխատակիցների: Պաշտոնական հիմնավորումն այն է, որ Ադրբեջանը սահմանակից է Իրանին, ուստի անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու խիստ անհրաժեշտություն կա:
Հայտնի չէ՝ այլ երկրներն իրենց պետության կամ կառավարության ղեկավարի անվտանգությունը նույնպես չե՞ն վստահել Ադրբեջանի պատկան մարմիններին, թե Իսրայելը միակ պետությունն է, որ նման քայլի է գնացել, բայց իսրայելական մամուլը դժգոհ է, որ կառավարությունը վեց միլիոն շեկել գումար է ծախսել և COP29-ի կողասրահներում «Իսրայելական տաղավար» կառուցել, որտեղ պետք է ցուցադրվեն տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներ:
Calcalist.go.il-ը խիստ քննադատության է ենթարկել տրանսպորտի նախարար Միրի Ռեգևին, որ որոշել է խորհրդաժողովի ավարտից հետո ևս մի քանի օր մնալ Բաքվում՝ պատճառաբանելով, որ անհետաձգելի հանդիպումներ ունի ադրբեջանցի պաշտոնակցի և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Լրատվամիջոցի հաշվարկով՝ տրանսպորտի նախարարի երկօրյա ուշացումը, ներառյալ նրա անվտանգության ապահովումը, կառավարությանը կարժենա մեկուկես միլիոն շեկել:
«Դա միանգամայն ավելորդ ծախս է, Իսրայելը և Ադրբեջանը տրանսպորտի ոլորտում համագործակցության ոչ մի ծրագիր չունեն»,- գրել է առցանց ռեսուրսը:
Իսրայելի նախագահի և երկու նախարարի Բաքու այցի կապակցությամբ առանձնակի ոգևորություն չի դրսևորում նաև ադրբեջանական մամուլը: Ըստ երևույթին՝ Էրդողան-Ալիև բանակցություններում իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները քննարկվել են:
Այդուհանդերձ, Բաքվի խորհրդաժողովի հրապարակային ամբիոնը Թուրքիայի նախագահը հակաիսրայելական քարոզչության նպատակով չի օգտագործել: Ամենայն հավանականությամբ, Էրդողանը խնայել է Ալիևին կամ էլ կողմերի միջև կա պայմանավորվածություն, որ այդ հարցում փոխլրացնող քաղաքականություն են վարելու:
Իսրայելի նախագահն ի՞նչ մոտիվացիայով է մեկնում Բաքու: Կարելի է, թերևս, մի ենթադրություն անել. Թուրքիայի նախագահը Բաքու է մեկնել Արաբական լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության պետությունների գագաթնաժողովից անմիջապես հետո, որտեղ իսլամական աշխարհին կոչ է արել հակաիսրայելական ընդհանուր ճակատ ձևավորել և հասնել Պաղեստնի անկախության միջազգային ճանաչմանը:
Ադրբեջանն ԻՀԿ անդամ է: Իսրայելի նախագահը, ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիևի հետ բանակցություններում փորձելու է պարզել, թե որքանո՞վ է զուտ հռչակագրային կամ, գուցե, գործնական Ադրբեջանի մասնակցությունը հակաիսրայելական կոալիցիային: COP29-ին մասնակցությունը պարզապես առիթ է: Մանավանդ որ Իսրայելի նախագահը Բաքվում կգտնվի այդ միջոցառման ավարտական փուլում:











































