Փաստաբան Տիգրան Եգորյանը Facebook սոցիալական ցանցում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.
Թե՛ մարդը, թե՛ հասարակություններն ու պետություններն իրենց գոյության/կյանքի ընթացքում ձեւավորվում ու պայքարում են իրենց նպատակների, ձգտումների և հռչակած արժեքների սպասարկման համար, և մեծ հաշվով բանականությունն ու կյանքը (ինչպես՝ անհատի, այնպես էլ՝ հասարակության) դրա շուրջ են, դրա մասին են: Հենց սրա հիման վրա է ձևավորվում մարդու, հասարակության, պետության «արժեքը»:
Հայաստանի Հանրապետության կյանքում այդպիսի մի պայքարի պատմություն է «բացառիկ հանրային գերակա շահ»-ի արդյունքում ձեւավորված սեփականության և արժանապատվության համար մարդկանց պայքարի պատմությունը:

Սա պատմություն է Հայաստանում անհատի և հանրության հարաբերություների, ու դրանց շուրջ պետության դերակատարման մասին:
Այս պատմության մասնակիցները բոլորն են. կապիտալիստական շահ հետապնդող անհատները, խմբերը, կազմակերպությունները, հանրային իշխանություն իրականացնող չինովնիկները, պետական քաղաքականություն մշակող գործիչները/պետական պաշտոնյաները (Կառավարություն, ԱԺ և այլն), արդարադատություն ապահովելու կոչված դերակատարները՝ դատավորները, դատախազները, քննիչներն ու ոստիկանները, զոհերը, որ հասարակ քաղաքացիներ էին, ովքեր հայտնվեցին իրենց կյանքի էական հատվածը վատնած և կեղեքած գործընթացներում, նրանց իրավունքների համար պայքարողները:
Մոտ 20 տարվա (մի փոքր ավելի) պայքարի արդյունքում բազմաթիվ մարդկանց «վայրենի» ունեզրկման, նրանց պաշտպանողների անձնական զոհողությունների ու հսկայական մարդկային ջանքերի և ներդրման (որոշ դեպքերում նույնիսկ անձնական ազատության զոհաբերման և հետապնդումների թիրախ դառնալու գնով), Եվրոպական դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի բազմաթիվ որոշումների, քաղաքական նպատակների հռչակումների արդյունքում՝ 20 տարի անց այսօր մենք գտնվում ենք այնտեղ, որտեղից սկսել էինք:

Ցավալիորեն պետք է արձանագրել իրավունքների, արժեքների, սկզբունքների, նպատակների և բանականության ձախողումը, պարտությունը:
Սա ինչպե՛ս յուրաքանչյուրիս, այնպե՛ս էլ՝ հասարակության և պետության, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրված իշխանության և կառավարության ինչպե՛ս անհատական, այնպե՛ս էլ՝ հավաքական մակարդակում ձախողումն է:
Այս ձախողումը վկայությունն է այն բանի, որ ի հեճուկս բոլոր ջանքերի՝ մենք դեռ անկարող ենք հարգելու մարդու հիմնական իրավունքներն ու արժանապատվությունը:

Սա նաև վկայություն է այն բանի, որ այս վերը թվարկված բոլոր գործիչներն ու դերակատարները ևս ձախողել են իրենց անձնական արժանապատվության և սկզբունքայնության հարցում:
Եթե մենք չենք կարողանում բարձր պահել մեր իսկ արժանապատվությունը մեր ներքին հարցերում, ապա դժվար չէ պատկերացնել մեզ կողքից նայողների և գնահատողների վերաբերմունքը:
Եվ սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր իրենց լիազորության շրջանակներում այս կամ այն հարցն են որոշում (կառավարության անդամներ, քաղաքային իշխանություն, պաշտոնյաներ, պատգամավորներ, դատախազներ, դատավորներ և այլն): Եւ նրանցից ոչ մեկի համար պաշտպանություն չի կարող լինել որևէ ընթացակարգ, կամ ֆորմալություն: Եվ թող ոչ մեկ չզբաղվի ինքնախաբեությամբ:

Այս արձանագրման կարիքն առաջացավ գրեթե բոլորին հայտնի Ֆիրդուսի թաղամասի բնակիչ տիկին Ամալյա Օհանյանի հետ տեղի ունեցածի արդյունքում:
Տիկին Ամալյա Օհանյանը 78 տարեկան կին է, որն ապրում է թոռնիկի հետ։
Հատուկ շեշտում եմ՝ տիկին Ամալյա Օհանյանի գործը տարբերվում է այդ թաղամասի մինչ օրս ձեզ հայտնի մյուս գործերից։ Ի տարբերություն մյուսների (որտեղ ևս բազմաթիվ և բազմապիսի խախտումներ և անարդարություններ են եղել ու կան), տիկին Ամալյա Օհանյանի սեփականությունը չի օտարվել, այդ գործընթացը չի սկսվել, նրա սեփականության իրավունքը դադարեցնելու հարցով ոչ մեկը դատարան չի դիմել, ՆԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԻՐ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ։ Սակայն նրան վտարելու, իր տանն ապրելն անհնարին դարձնելու, նրա գույքը իրենց համար ցանկալի գնով վաճառելուն հարկադրելու համար նրա տունը սկսել են քանդել։ Սկսել են քանդել նախ գիշերով, ապա շարունակել են ցերեկով (բացարձակ ցինիզմով)։ Եւ որպեսզի սկսած «գործը» ավելի «արդյունավետ» լինի, նախ քանդել են տանիքը, որ եթե նույնիսկ չհասցնեն այդ սև գործն ավարտին, անհնարին դառնա ձմռանն այդ տանը գոյատևելը։

Տանիքը քանդելուց հետո նրան լուր են ուղարկել․ «եթե խոսելու բան ունեք, խոսեք … հետ»։
Իհարկե, սա ընդամենը մասնավոր դրսևորում է, բայց և օրինակ է այն ամենի, ինչ կատարվել է նշածս 20 տարիների ընթացքում և արդյունքում:
Տիկին Ամալյան այն մարդկանցից է, ում սեփականության նկատմամբ սկսած 2001 թվականից տարբեր կառավարություններ մեկը մյուսի հետևից հայտարարել են բացառիկ հանրային գերակա շահ։ Քսան տարի նա պայքարել է իր իրավունքների պաշտպանության համար՝ հույս ունենալով, որ արդարության կհասնի։

2018թ․ հեղափոխությունից հետո ինչպես նրա, այնպես էլ՝ մյուսների մոտ հույս առաջացավ, որ վերջապես նրանց ոչ թե կունեզրկեն, այլ՝ արժանապատիվ, արդար փոխհատուցման միջոցով կիրականացնեն այդ չարաբաստիկ «հանրային գերակա շահը»։ Ցավոք, այդ հույսերը չարդարացած։
Երբ պայքարի այս երկար տարիների արդյունքում արձանագրվեց նրա գույքը ձեռք բերելու համար սահմանված ժամկետի ավարտը, տիկին Ամալյայի մոտ կրկին հույս առաջացավ, որը, պարզվեց՝ ևս զուր էր, քանի որ ի հեճուկս բոլոր իրավական և օրինական ջանքերի՝ կրկին ասպարեզ բերվեց ուժը։
Նրան որոշեցին թողնել առանց տանիքի, որպեսզի հարկադրեն առանց «ավելորդ իրավունքներ ճոճելու» թողնել և լքել իր «խանգարող» տունը։

Այս պահին տիկին Ամալյա Օհանյանի սեփականության իրավունքի պաշտպանության համար ձեռնարկված բոլոր միջոցներն անարդյունավետ են։
Սա իրավական պետության և դրա բոլոր ինստիտուտների ձախողումն է, պարտությունը ․․․









































