Նախագահության չորս տարիներին Բայդենը, իրոք, թուլացրել է ԱՄՆ-ն: Առաջին քայլն Աֆղանստանից ամերիկյան-կոալիցիոն զորքերի դուրսբերումն էր, որից հազիվ երկու տարի անց Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա: Եվրոպայում սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաարյունալի պատերազմը:
Եթե Վաշինգտոնում ուժեղ և վճռական իշխանություն լիներ, ապա Վլադիմիր Պուտինը նման համարձակ քայլի չէր դիմի: (Այս դեպքում էլ տևականորեն բացառենք, որ դա պայմանավորված պատերազմ էր): Իսկ այն, ինչ Մերձավոր Արևելքում սկսվեց մեկ տարի առաջ ու շարունակվում է, ընդհանրապես նոնսենս է, որովհետև Իսրայելին հակառակորդի հարվածներից ապահովագրող, նրան գերժամանակակից սպառազինություններ և ռազմամթերք տրամադրող ԱՄՆ-ն հանկարծ պարզվում է, որ Բիբիի վրա ոչ մի ազդեցություն չունի:
Շատ հնարավոր է՝ դա նույնպես ցուցադրություն է, Վաշինգտոնն իրականում կողմ է, որ Ավետյաց երկրում միայն հրեական իշխանություն լինի: Բայց եկեք իրավիճակը գնահատենք միջին վիճակագրական ամերիկացու հայացքով, որ իրեն համարում է Երկիր մոլորակի միակ գերտերության քաղաքացի: Ահա այդ գերտերության պետական քարտուղարը տասնյակ այցեր է կատարում Երուսաղեմ, տարածաշրջանի մի քանի երկրների մայրաքաղաքներ, ամեն անգամ հավաստիացնում, որ իսրայելա-պաղեստինյան համաձայնություն-գործարքը մոտ է, բայց գետնի վրա իրավիճակն ավելի է սրվում:
Գերտերության առաջնորդը մի քանի անգամ հանդիպում է Ուկրաինայի նախագահի հետ, վստահեցնում, որ կարվի ամեն ինչ, որպեսզի մարտի դաշտում Ռուսաստանը չհաղթի, իսկ Դոնբասում ռուսական զորքերն ամեն օր նոր տարածքներ են գրավում, ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքները ոչնչացվում են, միլիոնավոր մարդիկ թողնում են իրենց տները:
Ներքին ի՞նչ խնդիրներ ունի Միացյալ Նահանգները՝ մասնագետների իմանալիքն է, բայց իրողություն է, որ Վաշինգտոնը կորցրել է նաև հավաքական Եվրոպան: Եվրամիությունը կարող է կանգնել պառակտման սպառնալիքի առջև: Եվ դոգմա չէ, որ Հունգարիան, Սլովակիան կամ Բուլղարիան լինեն Ռուսաստանի ճամբարում: Ինչպես ասում են՝ աշխարհը մեծ է, այլընտրանք միշտ կա, կգտնվի: Այս համատեքստում անտրամաբանական է, թե հայ որոշ քաղաքական գործիչներ «ո՞ւմ ձեռնափից են հոտ քաշել» և ինչո՞ւ են համոզված, որ Թրամփը Պուտինի «կաթնեղբայրն» է, նրան աջակցելու է, որ ԽՍՀՄ-ը վերականգնի, բոլորը շահելու են, բացի Հայաստանը: Իսկ ո՞վ է երաշխավորում, որ դեմոկրատները չեն պարտվել հենց Պուտինի հետ «խաղեր տալու» և նրա հետ «երկդիմի քաղաքականություն» վարելու կամ իմպոտենտ-անվճռականության պատճառով: Եթե ԱՄՆ-ին «մաչո» նախագահ է պետք, և Թրամփն այդ կերպարի մարմնացումն է, ապա նա երբեք Պուտինի առաջ վիզ չի ծռի:







































