ԱՄՆ նախագահի ընտրության մեկնարկին գրեթե զուգահեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է պաշտպանության նախարար Իոավ Գալանտին պաշտոնանկելու մասին: Թել Ավիվում, Նաթանյահուի Երուսաղեմի նստավայրի մոտ և մերձակա փողոցներում իսրայելցիները կազմակերպել են բողոքի ցույցեր, ոստիկանությունը ուժ, արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ է կիրառել:
Նաթանյահուի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Գալանտը պաշտոնազրկվել է վարչապետի մոտ վստահությունը լիովին կորցնելու պատճառով: Նաթանյահու-Գալանտ հակասությունները հրապարակային դարձան այն բանից հետո, երբ վարչապետը վերջին պահին արգելեց նրա Վաշինգտոն այցը և պահանջեց, որ ԱՄՆ նախագահ Բայդենն իր հետ հեռախոսազրույց ունենա: Սպիտակ տունն ստիպված էր ընդառաջ գնալ Բիբիի նախապայմանին, բայց ի վերջո նա Գալանտին Վաշինգտոն այցի արտոնություն չտվեց:
Միջադեպից մինչև Գալանտի պաշտոնանկություն ժամանակն ավելի քան երեք շաբաթ է, և Նաթանյահուն կարող էր արտաքին գործերի նախարար Իսրայել Կացին ավելի վաղ նշանակել ռազմական գերատեսչության ղեկավար: Ընտրվել է նոյեմբերի 5-ը, երբ Միացյալ Նահանգներում մեկնարկել է «դարակազմիկ» քվեարկությունը: Եվ անգամ լավագույն ցանկության դեպքում չենք կարող չնկատել, որ Գալանտը հեռացվել է որպես վարչապետի պաշտոնի հավակնորդ, որ վայելում էր Բայդենի վարչակազմի վստահությունը:
Իսրայելական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Նաթանյահուն մտադիր է հեռացնել նաև ՇԱԲԱԿ-ի տնօրեն Ռոնեն Բարին և Գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևիին: Վարչապետի գրասենյակն այդ լուրերը հերքել է, բայց կառավարության աղբյուրները չեն բացառել, որ Բարը և Հալևին հրաժարական կտան, եթե պատանդների ազատ արձակման հարցում առաջընթաց չլինի: Նաթանյահուն ՀԱՄԱՍ-ի շարքային անդամներին գործարք է առաջարկել՝ մեկ պատանդի դիմաց Իսրայելը պատրաստ է վճարել հինգ միլիոն դոլար: Ոչ ոք առայժմ չի արձագանքել:
Բայց սրանք Իսրայելի ներքին խնդիրներն են, ի՞նչ է սպասվում Մերձավոր Արևելքին, եթե ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվի հանրապետական Դոնալդ Թրամփը: Տարածաշրջանի ազդեցիկ երկրներն էսկալացիայի աղբյուր և լայնածավալ պատերազմի սպառնալիք են գնահատում Նաթանյահուի ծայրահեղ ազգայնական քաղաքականությունը:
Իսկ նա, երևում է, խաղադրույք է դրել Թրամփի հաղթանակի վրա: Եթե պայմանականություններից և նախապաշարումներից վերացարկվենք, ապա իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման Նաթանյահուի ծրագիրը շատ դիպուկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն է գնահատել՝ Գազայից պաղեստինցիներին բռնատեղահանել Եգիպտոս, Արևմտյան ափից՝ Հորդանան:
Այսինքն՝ Նաթանյահուն ձգտում է չեղարկել բրիտանական Պաղեստինը հրեկան և արաբական հատվածների բաժանելու և երկու պետություն ստեղծելու իրավունքը ճանաչելու մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը և այդ ամբողջ տարածքում ստեղծել նոր Իսրայել կամ Ավետյաց երկիր:
Ասել, թե Բայդենի վարչակազմն այդ նախագծի դեմ առարկայական որևէ քայլ ձեռնարկել է, կնշանակի մեղանչել ճշմարտության դեմ: Բայց Վաշինգտոնը դիվանագիտական ջանքեր գործադրել է, որպեսզի Գազայում և Լիբանանի հարավում հրադադար հաստատվի: ԱՄՆ-ն ֆորմալ առումով ճանաչում է պաղեստինցիների անկախ պետության իրավունքը, բայց փաստացի առավելագույն կարգավիճակ է տեսնում ներկայիս ինքնավարությունը:
Նաթանյահուն պաշտպանության նախարար է նշանակել Իսրայել Կացին, որ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում աչքի է ընկել ոչ դիվանագիտական, առավելապաշտական, ծայրահեղ սիոնիստական խոսույթով: Առավել տպավորիչ դրվագներից մեկը նրա և Թուրքիա ԱԳՆ սոցցանցային «փոխհրաձգությունն» էր, երբ Կացին Անկարային մեղադրեց քրդերի ցեղասպանություն իրականացնելու մեջ:
Քաղաքական նշանակումները, ինչ խոսք, հաճախ ոչ միայն լավատեսական հույսերը չեն արդարացնում, այլև կարճ ժամանակ անց ցրում են հոռետեսությունը: Կարելի է հուսալ, որ պաշտպանության նախարար Կացը նոր պաշտոնում ավելի զուսպ և հավասարակշռված կլինի: Եթե, իհարկե, Նաթանյահուի հաշվարկն այն չէ, որ նախագահի պաշտոնում վերընտրվելով՝ Թրամփն իրեն կտա Ավետյաց երկիր ստեղծելու ինդուլգենցիա: Բայց Թրամփը Մերձավոր Արևելքը կպայթեցնի՞:









































