Եվրամիությունը և Ճապոնիան կնքել են ռազմավարական գործընկերության, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում գործընկերության համաձայնագիր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեսի Իվայան և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փոխանակել են փաստաթղթերը Տոկիոյում տեղի ունեցած արարողության ընթացքում։
Իվայան հայտնել է, որ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ին։
«Բացի այդ, մենք համաձայնության ենք եկել անվտանգության և պաշտպանության բնագավառում գործընկերության շուրջ», – հավելել է նա՝ նշելով, որ Ճապոնիան առաջինն է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նման համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ:
Բորելը նույնպես նշել է, որ դա «համագործակցության առաջին նման ծրագիրն է պատմության մեջ, որը կնքվել է Եվրամիության կողմից» տարածաշրջանի երկրի հետ։ Նրա կարծիքով՝ այն թույլ կտա ամրապնդել անվտանգությունը Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ուղղված կլինի «ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված ապագայի» կառուցմանը:









































