Այսօր փորձեցինք պարզել, թե մանկապղծության մեջ մեղադրվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ դատական գործը ի՞նչ փուլում է գտնվում:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատը դռնփակ է, և լրագրողները զրկված են այն լուսաբանելու հնարավորությունից: Տուժողները, ինչպես տեղեկացրել ենք նախկինում, Ախթալայում բնակվող պատանիներ են:
Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատավարությունը ներկայումս տուժողների հարցաքննության փուլում է: «Գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, մարդկանց հարցաքննում ենք: Ակնկալիքն էլ այն է, որ հասնենք արդարադատությանը»,- տեղեկացրեց փաստաբանը:
Մեր այն հարցին, թե մինչ օրս շարունակվող դատավարության ընթացքն ի՞նչ է հուշում՝ կարդարացվի՞ իր պաշտպանյալը՝ փաստաբանը պատասխանեց. «Դե, ես չեմ կարող դատավարության վերաբերյալ ինչ-որ բան ասել: Բայց եթե մարդը հանցավոր արարք է կատարել, ոնց կարող է արդարացվել: Ամեն դեպքում, դատավորն է որոշելու, և ես ոչինչ չեմ կարող ասել: Մի քիչ փակ դատավարություն է, հետևաբար զերծ կմնամ մանրամասնություններից: Որոշակի ժամանակ անց հնարավոր է ավելին ասել, բայց հիմա պատասխանները վերացական կլինեն: Մարդկանց դեռ հարցաքննում ենք: Ներկա պահին կարող եմ ասել, որ մեղադրանքը նույնն է: Ավարտելու ժամկետների մասին էլ կդժվարանամ պատասխանել»,- ասաց Գիվի Հովհաննիսյանը:









































