Հայաստանում ինտերնետ ծառայությունների մատակարարները բավականին շատ են: «Առաջին լրատվականի» հետ զրույցում Իգոր Մկրտումյանը հայտնեց, որ դրա արդյունքում գները բավականին ցածր են. «Մրցակցություն կա, և գները համապատասխանում են իրականությանը ու անընդհատ նվազում են մրցակցության պատճառով: Այսօր Հայաստանում ընդհանրապես խնդիր չկա՝ թե՛ ինտերնետ ծառայությունների որակի և թե՛ սակագների առումով»:
Ներկայում ինտերնետ ծառայություններ մատուցող առաջատար պրովայդերների ցուցակը գլխավորում է Beeline-ը, որը զբաղեցնում է շուկայի 45%-ը: Circle.am-ի տվյալների համաձայն՝ 2011թ.-ի ընթացքում առաջատարին հաջողվել է պահպանել դեռևս անցած ձմռան ընթացքում արձանագրված աճի բավականին զգալի տեմպը: Ենթադրվում է, որ 3G ցանցի ընդլայնումը, Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայության շրջանակում արագությունների ավելացումն ու նոր սակագնային փաթեթների ներդրումը առաջիկայում Beeline-ին հնարավորություն կտան հաջողությամբ պահպանել ոլորտի բացարձակ առաջատարի դիրքը:
2-րդ հորիզոնականում Orange-ն է (մոտ 17%), 3-րդը՝ VivaCell-MTS-ն է (8-9%), 4-րդը՝ Ucom-ը (8-10%), ADC-ն զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը (շուրջ 5%), 6-րդ հորիզոնականում է Arminco-ն (4%): Շուկայում շուրջ 2% մասնաբաժին ունեն նաև Cornet-AM-ը, GNC-Alpha-ն և այլն: