Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինծառայող Ֆամիլ Աբդուլլա օղլի Թաղիևը սրտի տագնապից մահացել է: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մանրամասնել՝ Ֆամիլ Թաղիևը պարտադիր զինվորական ծառայության շարքայի՞ն էր, սերժանտ, պայմանագրային զինծառայո՞ղ, թե՞՝ սպա: Նման տեղեկություններ, որպես կանոն, Բաքուն չի հայտնում, ինչպես նաև չի մասնավորեցնում, թե ո՞ր զորամասում է արձանագրվել զինծառայողի մահը:
Ադրբեջանը ոչ միայն ցամաքային և ծովային փակ սահմանների, այլև տեղեկատվության պետական խիստ վերահսկողության երկիր է, որտեղ հատուկ ծառայությունները խստագույնս գրաքննության են ենթարկում մամուլը, հեռուստատեսությունը, թելեգրամ ալիքները և սոցիալական ցանցերը:
Ամեն ինչ հրահանգավորվում է նախագահի աշխատակազմից, որտեղ գործում է տեղեկատվական անվտանգության հարցերով հատուկ կառույց: Բայց հաճախ պատահում է այնպես, որ նույն տեղեկատվության մի ձևակերպումը փչացնում է քարոզչական ամբողջ մատրիցան: Կոնկրետ զինծառայող Ֆամիլ Թաղիևի դեպքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն ասում է, որ ռազմական գերատեսչությունը ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և մտերիմներին:
«Սրտի տագնապից մահացած» զինվորականին անվանելով «զոհված»` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուրջ կասկածների տեղ է թողնում: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Ֆամիլ Թաղիևի հետ՝ ոչ ոք չի իմանա, ոչինչ չեն ասի նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:
Ադրբեջանում սպանված կամ մահացած զինծառայողների թաղումը կազմակերպվում է հատուկ արարողակարգով, որի պահպանման համար պատասխանատու են նաև տեղական իշխանության ներկայացուցիչները և ոստիկանությունը: Արարողությանը թույլատրվում է մասնակցել սահմանափակ թվով անձանց:
Որպես կանոն՝ զինծառայողների ինքնասպանության, ծառայակիցների կողմից սպանության կամ մահվան դեպքերի մասին պաշտոնականից զատ այլ տեղեկատվություն չի հրապարակվում, իսկ եթե զինվորական դատախազությունը հայտնում է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ապա մամուլը հետագա ընթացքի մասին հավելյալ հետաքրքրություն չի ցուցաբերում:
Իհարկե, դրանից չի հետևում, թե ադրբեջանական հանրությունը բացարձակապես անտարբեր է բանակում ինքնսպանությունների, սպանությունների և մահվան փաստերի նկատմամբ: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները փորձում են ինչ-որ տեղեկություններ ստանալ:
Նման դեպքերում, սակայն, պետական քարոզչությունը նրանց մեղադրում է «ազգային դավաճանության» և «հայերի օգտին լրտեսության» մեջ: Այդ շրջանակներն ահազանգում են, որ Իլհամ Ալիևի վրեժխնդրությունից ապահովագրված չեն անգամ եվրոպական երկրներում: Վերջին օրինակը Ֆրանսիայում Վիդադի Իսկենդերլիի դաժան սպանությունն է:
Այս ամենը կարելի է համարել ադրբեջանական հանրության խնդիրը, բայց հարց է՝ եթե խոսքը վերաբերում է Հայաստանին, նրա հետ հարաբերությունների կարգավորմանը, նույն այդ հանրության կողմնորոշումը ո՞րն է:
Տասնյակ իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, օրինակ, կողմ են մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, միայն թե միջազգային կառույցները, եվրոպական երկրներն Ադրբեջանին չքննադատեն անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների եւ հայ ռազմագերիների ու ապօրինի պահվող անձանց հարցում: Բայց մենք չգիտենք՝ դա արվում է իշխանությունների դրդմամբ կամ պարտադրանքո՞վ, թե Ադրբեջանի հանրությունը պաթոլոգիկ հայատյա՞ց է: Իսկ իմանալ պետք է:







































