Թուրքական Hürriyet թերթում հրապարակվել է թուրք վերլուծաբան Ռաուֆ Թամերի «Քանի՞ կտոր ենք լինելու» խորագրով հոդվածը, որը նվիրված է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը.
«Ներկայումս այնպիսի խառնաշփոթ է տիրում, որ ընդհանրապես հայտնի չէ, թե ով ում հակառակորդը կամ բարեկամն է։ Անգամ անհնար է դարձել ասել, թե իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է, քանի որ թշնամիները հաճախակի փոխվում են։ Հետևաբար այդպիսի ականապատ դաշտում Թուրքիան շատ զգուշությամբ պետք է քայլեր կատարի։
Ներկայումս Թուրքիան տարբեր ճակատներում է պայքարում, ինչը նրանից շատ էներգիա է խլում։ Ելնելով «մարդասիրական» պարտականություններից՝ Թուրքիան պայքարում է այլոց համար, ինչը նրան շատ է հոգնեցնում։ Օրինակ՝ Ադրբեջանի պատճառով մենք չենք կարողանում հաշտվել Հայաստանի հետ։ Պատճառը մեր սրտում է՝ ադրբեջանցիները մեր եղբայրներն են։
Հանուն Պաղեստինի՝ փչացրեցինք Իսրայելի հետ մեր հարաբերությունները։ Պատճառը մեր սրտում է՝ պաղեստինցիները մեր եղբայրներն են։ Մեկը չգտնվեց, որ մեզ համար մատը մատին տար, մինչդեռ մենք Սիրիայի ժողովրդի համար «դարդ» ենք անում։ Լիբիան պատկանում է լիբիացիներին, սակայն մենք այստեղից մեզ ենք պատռում։ Կիպրոսի հարցը գտնվում է մեր ուղեղի ծայրին։
Ի՞նչ է կատարվում, գրողը տանի։ Քանի՞ կտոր լինենք։ Բացի այդ, երկրի ներսում նույնպես խնդիր գոյություն ունի։ Դա ահաբեկչությունն է՝ ամենակարևոր խնդիրը։ Ինչ կերպ էլ լինի, անհրաժեշտ է լուծել այս խնդիրը։
Արտաքին ավելորդ բեռան փոխարեն, թուրքական իշխանությունները նախ պետք է ուշադրություն հատկացնեն երկրի ներսում տիրող իրավիճակին։ Նախ պետք է Թուրքիայի ներսում խաղաղություն տիրի, տեղի ունենա թուրք-քրդական համաձայնություն, և նոր Թուրքիան զբաղվի արտաքին հարցերով»։







































