Հայաստանում գինեգործությունը լուրջ խնդիրներ ունի. չկան համապատասխան բարձրորակ սորտեր, ավանդական սորտերի այգիները հիմնականում ոչնչացված են, նյութական բազա՝ մայրացուներ չունենք այգիների ծավալները մեծացնելու համար և օրենսդրորեն իրավունք էլ չունենք ներկրել լավագույն եվրոպական սորտերը, որոնց հիման վրա է կառուցվել համաշխարհային գինու շուկան: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Նա նշեց, որ միայն Է. Էռնեկյանին թույլ տրվեց ներկրել խաղողի տեխնիկական սորտեր. «Շուկան խիստ սահմանափակ է ու ազատական չէ: Մենք շատ վատ վիճակի մեջ ենք՝ մեր հարևանների հետ համեմատ: Նույնիսկ չգիտենք, թե սև արենու կլոնը որն է՝ գիտական թեմաները չեն շարունակվել, ու հիմա գյուղացու հույսին ենք»:
Ա. Հարությունյանի խոսքով՝ արտասահմանյան շուկաներից պահանջարկը մեծ է, շաբաթական 1 կոնտեյներ են ուզում, բայց պետք է լինի նույն գինին և բարձր որակի: Բանախոսը հայտարարեց, որ երբեք հայ գինեգործները չեն կարղացել բավարարել պահանջարկը, թեև տեխնոլոգիաների խնդիրը գրեթե լուծված է: 3-4 տարի առաջ ՀՀ-ում գինեգործական տեխնոլոգիաները 60 տարով ետ էին նորմալ տեխնոլոգիական դաշտից, այժմ այդ տարբերությունը 10 տարի է, իսկ 5-6 տարի հետո մենք կունենանք նույն տեխնոլոգիական մակարդակը, ինչ Եվրոպայում է: Ըստ Ա.Հարությունյանի՝ սա նշանակում է, որ գինու որակը կբարձրանա, նաև խաղողը կթանկանա, որովհետև այգիների մակերերսը պահանջարկից ավելի դանդաղ է ավելանում: Որոշ չափով կթանկանա նաև սեղանի խաղողը:
Օղու, կոնյակի, գինու բաղադրիչների մասով շուկայում վերջին 10 տարում ոչինչ չի փոխվում, բացառությամբ 2009-2010 թթ.: Արտահանվող խմիչքի 93%-ը կոնյակն է, որից 92% ԱՊՀ երկրներ են տարվում: Ա. Հարությունյանի ասելով՝ առաջիկայում էապես կավելանա գինու արտահանումը, հատկապես՝ մրգային, քանի որ դրա պահանջարկը կա:







































