Ֆրանսիան աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դա կարեւոր համարելով Ասիան Եվրոպայի հետ կապելու տեսանկյունից: Այդ մասին Երեւանում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն, որը սեպտեմբերի 15-16-ին ժամանել է Հայաստան: Ասիան Եվրոպայի հետ կապելու մասին Փարիզը խոսում է վաղուց: Դրա կարեւորության մասին բարձրաձայնել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, երբ նախորդ տարի այցելել էր Ղազախստան եւ Ուզբեկստան:
Այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե Ֆրանսիան հատկապես «խաչմերուկի» ո՞ր ուղղությունն է համարում կարեւոր, հաշվի առնելով այն լարվածությունը, որ այսօր առկա է Փարիզի ու Բաքվի միջեւ, ինչպես նաեւ այն էքզիստենցիալ մրցակցությունը, որ կա Ֆրանսիայի ու Թուրքիայի միջեւ: Ֆրանսիայի համար կարեւոր է Ասիան կապել Եվրոպային, սակայն, եթե դա լինի Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղով, ապա Փարիզը մեծ կախվածության մեջ է լինելու այդ երկրներից:
Ըստ այդմ, տրամաբանությունը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի որոշակի գործողություններ հուշում են, որ Փարիզը փորձում է դիտարկել Ասիան-Եվրոպայի հետ կապող այսպես ասած հարավային ուղին, մոտավորապես այն, ինչ Հնդկաստանը օրեր առաջ փորձում էր քննարկել Կենտրոնասիական երկրների հնգյակի հետ՝ կապվել Եվրոպայի հետ Հնդկաստանի եւ Իրանի նավահանգիստների միջոցով: Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարում է, որ Ադրրբեջանը թույլ չի տա Ֆրանսիային ամրանալ Կովկասում: Ֆրանսիան Կովկասում փորձում է ամրանալ Հայաստանի միջոցով, ինչը սակայն անհնարին է, եթե համարժեք հարաբերություն չլինի Ֆրանսիա-Վրաստան-Հայաստան «երթուղով»:
Իսկ այդ տեսանկյունից էլ առանցքային է դառնում Վրաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունը, հատկապես Վրաստանում խորհրդարանի սպասվող ընտրության ֆոնին: Ընդ որում, այս առումով խիստ ուշագրավ է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, որտեղ կհանդիպի իր պաշտոնակից Իրակլի Կոբախիձեւի հետ: Արդյո՞ք Ստեփան Սեժուրների Հայաստան այցի ֆոննին Հայաստանի վարչապետի Վրաստան պաշտոնական այցը ենթադրելու է Փարիզի եւ Թբիլիսիի միջեւ որոշակի կոմունիկացիա Երեւանի միջոցով, հաշվի առնելով այն այսպես ասած ընդհանուր բարդությունները եւ հակասականությունը, որ այսօր կա Թբիլիսիի ու եվրոպական գործընկերների, այդ թվում Ֆրանսիայի միջեւ՝ պայմանավորված Վրաստանի ներկայումս վարած քաղաքականության եւ դրանից հնչող եվրոպական դժգոհությունների հանգամանքով: Ի վերջո ավելորդ չէ հիշել, որ Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբիշվիլին, որ եղել է Ֆրանսիայի քաղաքացի ու աշխատել Ֆրանսիայի ԱԳՆ ստորաբաժանումում՝ մինչ Վրաստան տեղափոխվելը, հենց Ֆրանսիայի նախագահին էր դիմել Թբիլիսի գալու եւ Վրաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու կոչով:
Իսկ Զուրաբիշվիլին այսօր մտադիր է գլխավորե ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մյուս կողմից, եթե այդ ընտրությանը հաղթոււմ է Վրացական երազանքը, ինչի հավանականությունը բավականին բարձր է, ապա առաջանում է օրինակ Փարիզ-Թբիլիսի հարաբերության հարց, առանց որի բնականոն եւ կայուն տրամաբանության, չի կարող կայուն եւ արդյունավետ զարգացում ունենալ Երեւան-Փարիզ հարաբերությունը:







































