Չինաստանի Գուանդուն նահանգի Լուֆեն քաղաքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք հանգեցրել են լուրջ բախումների: Ցուցարարները բողոքել են հողերի անօրինական բռնագրավման դեմ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով South China Morning Post-ին: Նշվում է, որ մարդիկ հարձակվել են կառավարական շենքերի վրա, այդ թվում` կոմունիստական կուսակցության գրասենյակի և ոստիկանության շենքերի վրա:
Ցուցարարների մի մասը զինված են եղել քարերով և փայտերով: Տասնյակ մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ: Ցուցարարները բողոքել են իրենց հողերի բռնազավթման և նոր կառուցապատողին տրամադրելու դեմ: Իշխանությունները նշել են, որ ցույցերին մասնակցել են մի քանի հարյուր մարդ, որոնք այրել են ոստիկանական վեց մեքենա և ավերել կառավարական շենքեր:









































