Ռուսաստանի անվտանգության խորհուրդը և արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել են մի բանաձև, որով ՄԱԿ-ին առաջարկում են անվտանգության համապատասխան միջոցառումներ իրականացնել համացանցում: «Միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման մասին» բանաձևով առաջարկվում է արգելել համացանցի օգտագործումը ռազմական նպատակներով և գործող ռեժիմները տապալելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով ռուսական Коммерсант-ին:
18 էջանոց փաստաթուղթը, ըստ ռուսական կողմի, երկարատև աշխատանքի արդյունք է, որին մասնակցել են նաև Մոսկվայի պետական համալսարանի մասնագետներ: Հիմնական վտանգները, որոնք կանխատեսել են ռուս մասնագետները, հետևյալն են` համացանցի միջոցով թշնամական գործողություններ և ագրեսիա իրականացնելը, զանգվածների ուղղորդում` հոգեբանական և հոգևոր ոլորտում իրականության խեղաթյուրման միջոցով, ինչպես նաև համացանցի միջոցով ժողովուրդների կարծիքի ձևավորում, որը թույլ կտա ապակայունացնել իրավիճակը տարբեր պետություններում:











































