Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը հատուկ հայտարարություն է տարածել այս տարվա սեպտեմբերի 18-ին ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման կապակցությամբ.
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հանդեպ իր միանշանակ աջակցությունը, և չի ճանաչում 2011 թվականի սեպտեմբերի 18-ին ԼՂՀ-ում անցկացված «ապօրինի, այսպես կոչված՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների» անցկացումը։
Վրաստանի ԱԳՆ-ը ողջունում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և կարծում է, որ շարունակվող երկխոսության այլընտրանքներ գոյություն չունեն»։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 26-ին Աբխազիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններից օրեր անց՝ սեպտեմբերի 3-ին, Ադրբեջանը հայտարարել էր, որ չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունների անցկացումը.
«Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ իր աջակցությունն է հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ չի ճանաչում 2011 թվականի օգոստոսի 26-ին Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։
Ադրբեջանը լիովին աջակցում է ժնևյան քննարկումներին և վստահ է հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս գործընթացի կառուցողական շարունակության անհրաժեշտության մեջ»։









































