Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենիին նորակազմ կառավարության անդամների հետ հանդիպմանը խոսել է նաեւ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության մասին: Irna-ն մեջբերել է նրա խոսքը. «Կիբերտիրույթն ամենուր կառավարվում է: Մենք տեսանք, որ այդ դժբախտ երիտասարդին (Պավել Դուրովին) Ֆրանսիայում ձերբակալեցին եւ սպառնում են քսան տարվա ազատազրկմամբ: Դա ցույց է տալիս, որ նրանք կանոններ են խախտել»:
Իրականական լրատվամիջոցը ներկայացրել է նաեւ Դուրովի ձերբակալության հարցում ՌԴ պետդումայի խոսնակ Վոլոդինի տեսակետը, ըստ որի՝ դա արվել է Բայդենի նախաձեռնությամբ, որովհետեւ Telegram-ը միակ հարթակն է, որ ԱՄՆ կողմից չի վերահսկվում: Նախագահական ընտրություններին ընդառաջ, ինչպես համոզված է Վոլոդինը, Միացյալ Նահանգները ձգտում է նրա նկատմամբ վերահսկողության հասնել:
Գնահատականների տարբերությունն ակնհայտ է. Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի գնահատմամբ՝ Telegram-ը «կանոններ է խախտել»: Ասվածից հետեւում է, որ նա տեղյակ է Դուրովի գործունեության հետ կապված այնպիսի մանրամասնությունների, որոնք հրապարակման ենթակա չեն: Ռուսաստանի պետդումայի խոսնակն, ըստ էության, ընդունում է, որ Telegram-ը բոլորովին էլ ազատ մարդկանց շաղակրատանքների հարթակ չէ կամ միայն դա չէ նրա ազդեցության տիրույթը:
Մեկ այլ վարկած թուրքական Sabah թերթն է առաջադրել: Ըստ այդմ, Դուրովի ձերբակալությունը «պատվիրել է Իսրայելը»,՝ նպատակ ունենալով արգելափակել եւ հեռացնել Գազայում «իսրայելական բանակի հանցագործությունները ներկայացնող տեսանյութերը»: Այս առումով Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի Դուրովի հասցեին «կշտամբանքն» արտառոց է թվում. եթե Telegram-ը բացահայտում է, որ Իսրայելը Գազայում «ցեղասպանություն է իրականացնում», ինչպես թուրքական թերթն է գրում, ապա Թեհրանը դրանում պետք է շահագրգռված լինի:
Այաթոլլա Ալի Խամենեին, մինչդեռ, ասել է, որ Դուրովը «պայմանավորվածություններ է խախտել»: Դուրովը նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի է, եւ այդ երկրի իշխանությունները նրան հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու միջնորդություն են արել: Արդյոք ԱՄԷ-ի հատուկ ծառայությունները նույնպես «վերահսկում են» Telegram-ը: Գազայում Իսրայելի «իրականացրած ցեղասպանության» թելեգրամյան հրապարակայնացումն ու՞մ պատվերով է իրականացվել:
Թեհրանը «դժգոհ է, որ Դուրովը կառավարման պայմանավորվածություններ է խախտել»։ Իսկ ու՞մ հետ էր նա «պայմանավորվել»: Դուրովի ձերբակալության եւ Իրանի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի այցի միջեւ ժամանակը մեկ ամսից պակաս է: Շոյգուն Մոսկվա է վերադարձել Բաքվի «տրանզիտով»: Այդ ընթացքում ճշտվել է ՌԴ նախագահ Պուտինի Բաքու այցի օրակարգը եւ ժամանակացույցը:
Որքանով հասկացվում է Կրեմլի հակասական տեղեկատվությունից, նախնական պայմանավորվածություն է եղել, որ Պուտինը Բաքվում կընդունի Դուրովին, բայց «վերջնական համաձայնություն չի կայացել»: Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի որեւէ պաշտոնյա Telegram-ը ծառայողական գրագրության նպատակով չի օգտագործում, եւ այդ առումով մտահոգություններ չկան:
Ռուսաստանի եւ առհասարակ բոլոր կայացած երկրների դեպքում պաշտոնյայի ծառայողական գրագրությունը հարաբերական է: Որեւէ կարեւոր տեղեկություն հնարավոր է փոխանցել նաեւ ծածկագիր տեքստով: Իրանում վեց տարի է՝ Telegram-ը արգելափակված է, բայց դա չի նշանակում, որ հատուկ ծառայությունները չեն հետեւում այդ հարթակին եւ Գերագույն հոգեւոր առաջնորդի գրասենյակին հետախուզական բնույթի նյութեր չեն տրամադրում:
Բաքվի իշխանական լրատվամիջոցը Telegram-ը համեմատել է «Վիկիլեքսի» հետ։ Վերջինիս բացահայտումները միջազգային քաղաքականության վրա զգալի ազդեցություն են գործել։ Այաթոլլա Խամենիի խոսքից զգացվում է, որ Դուրովի կողմից «կանոնների խախտումը» կարող է Իրանին ձեռնտու լինել։ Բայց ի՞նչ առումով։









































