ՌԴ նախագահ Պուտինի Բաքու կատարած այցից առաջ տեղի է ունեցավ Էրդողան-Ալիեւ հեռախոսազրույց: Այդ հեռախոսազրույցի մանրամասները բնականաբար հայտնի չեն, սակայն կասկածից վեր է, որ հեռախոսազրույցը անմիջականորեն կապված էր հենց Պուտինի այցի հետ, ավելի շուտ՝ թերեւս դրանով պայմանավորված անհանգստության հետ, որ կարող է առաջանալ Թուրքիայի նախագահի մոտ: Անհանգստություն, որ Ալիեւը կարող է Պուտինի հետ ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք կշրջանցեն Թուրքիան, եւ ավելին՝ կարող են օգնել Ադրբեջանին նվազեցնել իր «կախվածությունը» Թուրքիայից: Իսկ Ալիեւն ակնհայտորեն ձգտում է դրան:
Այդ ձգտումն իհարկե պայմանավորված է նրանով, որ այդ կերպ նա փորձում է բարձրացնել իր սուբյեկտությունը, որը զգալիորեն 44-օրյա պատերազմում զգալիորեն զիջեց Թուրքիային՝ հաղթանակ ապահովելու համար: Հատկանշական է, որ Էրդողանը դա պարբերաբար հիշեցնում է Ալիեւին: Եթե պատերազմի եւ դրված խնդիրների համատեքստում Ալիեւը նախընտրեց զիջել սուբյեկտությունը Թուրքիային, ապա այդ խնդիրները լուծելուց հետո նա դնում է «զիջածը» հետ բերելու խնդիր: Թուրքիայի դերը էապես մեծացնելու գնով նա «հետ բերելով» ղարաբաղյան առաջին պատերազմում կորցծարը, իսկ գործնականում պարզապես ուժով ճնշելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու օկուպացնելով Արցախը, Ալիեւը այժմ փորձում է «հետ բերել» Թուրքիային զիջածը եւ դա անելու համար փորձում է էական պայմանավորվածությունների գալ Ռուսաստանի հետ, նաեւ Չինաստանի հետ:
Այդ կերպ իհարկե նա փորձում է իրեն որոշակիորեն ապահովել նաեւ թուրք-իսրայելյան բավականին երկիմաստ խաղից, երբ Անկարան մի կողմից դիրքավորվում է Իսրայելի ամենակոշտ հակառակորդի եւ Պաղեստինի ժողովրդի ամենաջերմ պաշտպանի կարգավիճակում, բայց ըստ էության ոչ մի էական խնդիր չի ստեղծում Իսրայելի համար: Ըստ ամենայնի, թուրք-իսրայելական այդ բավականին տարօրինակ իրավիճակը բալանսավորելու համար, Ալիեւը փորձում է ավելի ակտիվ խաղալ ռուս-իրանական օրակարգի տիրույթում:
Ըստ էության, որքան էլ կարող է առաջին հայացքից հնչել տարօրինակ, Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիան, այնտեղից ռուս խաղաղապահների դուրսբերումը զգալիորեն նվազեցրեց Թուրքիայի «նշանակությունը» Ադրբեջանի համար: Հնարավոր է, որ Պուտինը հենց այդ խնդիրը լուծելը գերադասեց Արցախում ռուս խաղաղապահներին պահելուց եւ գարնանը անսպասելի պայմանավորվեց Ալիեւի հետ ռուս խաղաղապահներին ժամկետից շուտ դուրս բերելու վերաբերյալ, ինչի հետեւանքով նաեւ փակվեց Աղդամում այսպես ասած հրադադարի մոնիտորինգի ռուս-թուրքական կենտրոնը:
Ի՞նչ է հաջողվել Էրդողանին Պուտինի այցից առաջ Ալիեւի հետ ունեցած խոսակցությանը, պարզ չէ, սակայն ձեւավորված հարաբերակցությունը հուշում է, որ Թուրքիայի համար ավելանում է Հայաստանի հետ հարաբերության հանգամանքի նշանակությունը: Այստեղ սակայն հարցն այն է, թե Թուրքիան ի՞նչ տրամաբանությամբ կդիտարկի դա՝ կառուցողակա՞ն, թե՞ հակառակը:









































