Ադրբեջանն ու Վրաստանը ստեղծել են համատեղ երկաթուղային ընկերություն, որը պետք է կառավարի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը: Նպատակը ԲԹԿ երկաթուղու արդյունավետությունը բարձրացնելն է: Ադրբեջանի երկաթուղու ղեկավար Ռովշան Ռուստամովը հայտարարել է, որ Վրաստանի հետ համատեղ ձեռնարկության ստեղծումը միտված է ռեգիոնալ տրանսպորտային կապերը ամրացնելուն, մասնավորապես Միջին միջանցքի ներուժը մեծացնելուն: Վրաստանի հետ Ադրբեջանի այդ քայլը արժանի է ուշադրության:
Օրինակ, այն հայտարարության ֆոնին, որ շաբաթներ առաջ ԱՄՆ Կոնգրեսում արել էր պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, ասելով, որ իհարկե Միջին միջանցքի հարցում կա Վրաստանով անցնող ճանապարհը, սակայն իրենց համար գլխավոր ուղղությունը Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ուղղությունն է:
Թե ինչու է ԱՄՆ համար գլխավոր դիտվում այդ ուղղությունը, քննարկման հարց է եւ իհարկե պայմանավորված է մի շարք քաղաքական իրողություններով: Տվյալ պարագայում ինքնին հայտարարությունն է ուշադրության արժանի, եւ դրա ֆոնին էլ փաստորեն Վրաստանի՝ ԱՄՆ համար «ոչ հիմնական» ուղղությամբ ադրբեջանա-վրացական համատեղ ձեռնարկության ստեղծում ու դրա միջոցով Բքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդյունավետության բարձրացումը: Այստեղ սակայն, երեւի թե կա մեկ այլ նուրբ տողատակ, որ արժե դիտարկել ուշադիր:
Ի վերջո, արդյո՞ք հնարավոր չէր երկաթուղու արդյունավետության հարցը լուծել գոյություն ունեցող կառավարման մեխանիզմներով: Թե՞ այստեղ հատուկ ընդգծվում, այսպես ասած «առանձնացվում» է երկաթուղու վրացական հատվածը, որը կարող է ծառայել ոչ միայն դեպի Կարս ուղղությանը, այլ նաեւ դեպի Սեւ ծովի վրացական նավահանգիստներ, մասնավորապես դեպի Չինաստանի ներդրումներով արդիականացվող Անակլիա նավահանգիստ, որը հավակնում է լինել նշանակալին Վրաստանի սեւծովյան նավահանգիստների շարքում: Այսինքն, արդյո՞ք Վրաստանի եւ Ադրբեջանի համատեղ ձեռնարկության գաղափարը «ազդված» չէ Չինաստանի մտադրություններից, որը եւս Միջին միջանցքի շահառու է, ինչպես ԱՄՆ, սակայն թերեւս առավել նախընտրելի տարբերակ է դիտարկում Վրաստանի ճանապարհը, դարձյալ՝ մի շարք աշխարհաքաղաքական, ռեգիոնալ հանգամանքներից ելնելով:









































