The Telegraph-ը՝ հղելով Մասուդ Փեզեշքիանի «երկու խորհրդականներին», գրում է, որ նա փորձում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությանը համոզել, որպեսզի Իսրայելի դեմ ուղղակի հարվածների փոխարեն թիրախավորվեն տարածաշրջանի դաշնակից երկրներում հրեական պետության «գաղտնի օբյեկտները»: Ըստ լրատվամիջոցի, խոսքը, մասնավորապես վերաբերում է «Ադրբեջանում եւ (իրաքյան) Քուրդիստանում» իսրայելական հենակայաններին:
Իրաքյան Քուրդիստանի տարածքում «Մոսադին» թիրախավորելու փորձ Իրանն ունի, բայց Ադրբեջանի մասով վստահաբար կարելի է ասել, որ գործ ունենք տեղեկատվական սադրանքի հետ: Իրանի նախագահը ծագումով էթնիկ ազերի է: Բացառված է, որ նա Ադրբեջանի տարածքը թիրախավորելու գաղափար իսկ հնչեցնի. Իրանում շուրջ քսան միլիոն թուրքախոս բնակչություն կա: Այդ գործոնը «հոգեկան հիվանդը» կամ «մահապարտը» միայն կանտեսի:
Լրատվամիջոցի երկրորդ «խարդավանքն» այն է, որ ակնարկում է, թե Իսմայիլ Հանիայի սպանությունը «նախագահ Փեզեշքիանի արժանապատվությունը չի խոցել»: Փեզեշքիանն, իբր, Հանիայի սպանության պատասխանատվությունը հասցեագրում է ԻՀՊԿ հրամանատարությանը: Ավելին, նրա «խորհրդականն» ասել է, թե չի բացառված, որ Հանիայի սպանությունը «ներքին դավաճաններն են կազմակերպել, որպեսզի Փեզեշքիանին իշխանազրկելու առիթ ունենան»:
ԻՀՊԿ-ն Հանիայի սպանությունից մի քանի օր անց պաշտոնապես հայտարարել է, որ նա դարձել է «փոքր հեռահարության արկի պայթյունի զոհ»: Ասված էր նաև, որ «արկն արձակվել է հյուրատան պարագծից դուրս տարածքից»: Նույն օրն IRNA պետական գործակալությունը հայտնել է, որ Գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին «նախագահ Փեզեշքիանին ռազմական ոլորտում լիազորություններ է տվել»:
Այդ պահից հասկանալի էր, որ Իրանն անհապաղ և կտրուկ քայլերի չի դիմի: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների խոսույթը փոխվել է: Նրանք ասում են, որ Իսրայելը «պատժիչ հարվածներ կստանա, բայց՝ իր տեղում եւ ժամանակին»: Կարելի է ենթադրել, որ Իրանի պահպանողականությունը միջազգային որոշ դերակատարների համար անսպասելի է:
Պաշտոնն ստանձնելուց հետո Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ երկու հեռախոսազրույց է ունեցել: Նրա երմնակալությանը Եվրամիությունը ներկայացրել է անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով փոխհանձնակատարը: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ տեղի են ունեցել իրանա-ամերիկյան գաղտնի բանակցություններ, ընդ որում՝ Թեհրանում:
Այս համատեքստում ռուս-իրանական համապարփակ համաձայնագրի ստորագրումը վերստին «հավանական» է գնահատվում: Ռուսաստանի համար Թեհրանի եւ Եվրամիության երկխոսությունն անընդունելի՞ է: Regnum-ի տեղեկացվությամբ՝ ԱԽ քարտուղար Շոյգուն Թեհրանում «քննարկել է համապարփակ համագործակցության մասին պայմանագրի որոշ մանրամասնություններ»:
Արաբական աղբյուրները փոխանցում են, որ Իրանը ձեռնամուխ է եղել «Կասեմ Սուլեյմանիի բանակի» կազմավորմանը: Խոսքը տասը-տասնհինգ հազարանոց զորամիավորման մասին է: Ըստ տեղեկությունների՝ ԻՀՊԿ-ն «այլեւս չի վերահսկում «դիմադրության շարժման» բոլոր խմբավորումներին»: Տեղեկատվական հոսքերի ենթատեքստում համառորեն ընդգծվում է Փեզեշքիան-ԻՀՊԿ «հակասությունը»: Փեզեշքիանի «շուտափույթ պաշտոնանկությամբ» կարող է շահագրգռված լինել նաեւ Թուրքիան, ինչպես նաեւ՝ Ադրբեջանը:








































