Էնթոնի Բլինկենը կարող է լքել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, եթե Կամալա Հարիսը հաղթի 2024 թվականի ընտրություններում, գրում է The Wall Street Journal-ը (WSJ) իր աղբյուրներին հղումով։ Ջո Բայդենի թիմի այլ պաշտոնյաներ՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, նույնպես կարող են հրաժարական տալ: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆիլիպ Գորդոնը կհանդիսանա Հարրիսի թիմի կենտրոնական ֆիգուրը, ասել է WSJ-ի աղբյուրը:
Բարաք Օբամայի վարչակազմում Գորդոնը Պետդեպարտամենտում եղել է Եվրոպայի գլխավոր պաշտոնյան, այնուհետև աշխատել է որպես Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյա Մերձավոր Արևելքի հարցերով: Էնթոնի Բլինկենը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղար Ջո Բայդենի նախագահական ժամկետի սկզբին՝ 2021 թվականի հունվարին։ Բարաք Օբամայի վարչակազմում Բլինկենը եղել է փոխնախագահ Ջո Բայդենի խորհրդականը։
Լլոյդ Օսթինը և Ջեյք Սալիվանը նույնպես նշանակվել են իրենց պաշտոններին Ջո Բայդենի օրոք։ Ջեյք Սալիվանը Բարաք Օբամայի վարչակազմում եղել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իսկ 2013-2014 թվականներին՝ փոխնախագահի խորհրդականը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարել է նախընտրական մրցապայքարից դուրս գալու որոշման մասին։
Ընտրություններին մասնակցելու համար նա առաջարկել է փոխնախագահ Կամալա Հարիսին։ Փոխնախագահը բավականաչափ աջակցություն է ստացել Դեմոկրատական կուսակցության անդամներից՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար։ Ըստ Associated Press-ի հարցման՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել 2579 պատվիրակ, ընդ որում, հարցվածներից ոչ ոք չի նշել մյուս թեկնածուի անունը:







































