Երեկ ԱՄն նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ժամանակ, որի ընթացքում անդրադարձել է Պաղեստինի անկախության հարցին: Նա ասել է, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները պետք է իրենք խաղաղության հասնեն, քանի որ դա հնարավոր չի լինի անել բանաձևերի միջոցով: Այս հայտարարությունն Օբաման արել է Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի ելույթից մեկ օր առաջ, երբ սպասվում է, որ վերջինս ՄԱԿ կներկայացնի Պաղեստինի անկախությունը ճանաչող բանաձև, ինչին դեմ են Իսրայելն ու արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում` ԱՄՆ-ը:
«Եթե դա այդքան հեշտ լիներ (բանաձևերի միջոցով հարցի լուծումը.- 1in.am), ապա վաղուց արված կլիներ: Իրենք` իսրայելցիներն ու պաղեստինցիները, այլ ոչ թե մենք պետք է հասնենք համաձայնության այն հարցերի շուրջ, որոնք բաժանում են նրանց` սահմաններ և անվտանգություն, փախստականներ և Երուսաղեմի կարգավիճակ»,- ասել է Օբաման:
Օբաման հիշեցրել է, որ մեկ տարի առաջ նույն ամբիոնից կոչ է արել ընդունել Պաղեստինի անկախությունը: Հիմա էլ, ըստ Օբամայի, ինքը հավատում է, որ այդ ժողովուրդը վաստակել է անկախ լինելու հնարավորությունը` հավելելով, սակայն, որ այն ժամանակ էլ ինքն ավելացրել էր, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի, եթե կողմերը համաձայնության գան, ինչը չի եղել վերջին մեկ տարվա ընթացքում:
Օբաման հայտարարել է, որ Իսրայելի անվտանգությունն առաջնային խնդիր է, քանի որ այն շրջապատված է երկրներով, որոնք մեկ անգամ չէ, որ պատերազմ են սկսել նրա դեմ և հայտարարել, որ պատրաստ են ջնջել այն երկրի երեսից: «Այս փաստերը չի կարելի հերքել: Իսրայելն արժանի է ճանաչման և հարևանների հետ լավ հարաբերությունների»,- ասել է նա` հավելելով, որ իրենց ջանքերն արդյունավետ կլինեն, եթե հնարավոր լինի կողմերին համոզել՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջը և հասկանալու մեկը մյուսի մտահոգությունները:
Իսրայելական մամուլն այս ելույթն անվանել է ամենաիսրայելամետը այն ժամանակվանից, երբ Օբաման ստանձնել է նախագահի պաշտոնը: Սա նաև կապում են առաջիկա նախագահական ընտրությունների հետ, որում ամերիկացի հրեաները սպառնում էին չաջակցել Օբամային, քանի որ ԱՄՆ նախագահի վարած քաղաքականությունը չէր բխում հրեական պետության շահերից:







































