Չինաստանը շարունակում է զարմացնել աշխարհին իր անհավանական մեծության հասնող շինություններով: Այդ չափերը ծավալապաշտության արդյունք չեն, այլ անհրաժեշտություն, քանի որ հսկայական բնակչություն ունեցող երկրում անհրաժեշտ են անթիվ հիվանդանոցներ, ռեստորաններ, երկաթուղային կայարաններ և այլն: Դրանցից մեկն էլ մայրաքաղաք Պեկինի մերձակայքում կառուցվող «Դասին» օդանավակայանն է, որն ունենալու է 54 քառակուսի կիլոմետր տարածք՝ նույնքան, որքան Բերմուդների տարածքն է:
Օդանավակայանն ունենալու է 9 թռիչքուղի, իսկ տարեկան այն կարող է սպասարկել 120-200 միլիոն ուղևորի (համեմատության համար ասենք, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը վերանորոգումից հետո տարեկան կարող է սպասարկել մինչև 3 միլիոն ուղևորի): Չնայած այս ծավալներին, օդանավակայանը դժվար է ամենամեծն անվանել: Օրինակ՝ Դուբայի Al-Maqtum օդանավակայանը զբաղեցնում է 140 քառ.կմ տարածք: Այն կառուցելու համար ծախսվել է մոտ 8 մլրդ դոլար:







































