Լրատվամիջոցներից մեկը, հղում անելով «քաղաքական շրջանակների խոսակցություններին» հարցադրում է արել՝ Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն: Ի՞նչ «շրջանակներում» են նման խոսակցություններ պտտվում եւ ո՞վ է «արտահոսք կազմակերպել»: Շահրամանյանը մամուլին ասել է, որ Քննչական կոմիտե է հրավիրվել լրտեսության մեջ կասկածվող Սարգիս Գալստյանի գործով եւ ասել այն, ինչ գիտի: Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի առաջին օրերին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Սարգիս Գալաստյանը Բաքվի կողմից «նշանակվել է Ստեփանակերտի պարետ» եւ կնոջ հետ մնացել այնտեղ:
Արցախի Տեղեկատվական շտաբն այս տեղեկությունը հերքեց եւ մեկնաբանեց, որ Սարգիս Գալստյանը Ստեփանակերտում է մնացել որպես Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Սարգիս Գալստյանը մի քանի ամիս առաջ կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան եւ ձերբակալվել: Ստեփանակերտից վերջերս Երեւան է տեղափոխվել նաեւ «գրող» Սերգեյ Օգոլցեւը, բայց անվտանգության մարմինները նրան չեն անհանգստացրել: Ըստ երեւույթին, խնդիր չէր լինի նաեւ Սարգիս Գալստյանի հետ, եթե Արցախի Տեղեկատվական շտաբը վերոհիշյալ տեղեկությունը չտարածեր:
Այդ գործով Սամվել Շահրամանյանի ներգրավումը միանգամայն օրինաչափ է: Բայց «պատասխանատու» մամուլը Շահրամանյանի շուրջ իրավիճակը բացատրում է Իլհամ Ալիեւի պահանջով: Սա ոչ միայն արտառոց, այլեւ զավեշտական է, որովհետեւ Սամվել Շահրամանյանը Ստեփանակերտից հեռացել է հոկտեմբերի 3-ին, երբ քաղաքում հայ բնակչություն չկար, Արցախի ուժային կառույցները չէին գործում: Անհրաժեշտության դեպքում Ալիեւը կարող էր շատ հանգիստ նրան ձերբակալել հենց ռուսական ուղղաթիռի թռիչքահրապարակում:
Իսկ Երեւանում Սամվել Շահրամանյանը Բաքվի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում: Լրատվամիջոցը, մինչդեռ, խնդիրն այնպես է ներկայացնում, որ Շահրամանյանին հետապնդում են, որպեսզի արցախցիներին հետ պահեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումից, որն, իբր, Ալիեւին մեծ անհանգստություն է պատճառում: «Պատասխանատու» մամուլն ուշադիր չէ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «ռեւանշիստ պատվանունը» Բագրատ Գալստանյանից ետ է վերցրել եւ վերագրել Հայաստանի իշխանությանը:
Ըստ էության, շարժումն իր գործը մի զգալի մասով արել է, Շահրամանյանի նրան միանալ-չմիանալուց սկզբունքորեն ոչինչ չի փոխվում: Ինչ վերաբերում է բռնագաղթվածների նկատմամբ նրա ազդեցությանը, ապա այն չափազանց թույլ է: Արցախցիների ճնշող մեծամասնությունը նրան եւ Ազգային ժողովի «հեղափոխական» խմբակցություններին չի վստահում, հավատ չի ընծայում:
Փաստացի մարել է ոչ միայն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, այլեւ Երեւանում ստեփանակերտյան «քաղաքական ակումբի» կազմավորման, այդ ստրուկտուրայի միջոցով բռնագաղթված բնակչության լայն խավերին Նիկոլ Փաշինյանի դեմ «հեղափոխական պայքարի հանելու» հույսը: Բավական է հետեւել սոցիալական ցանցերի արցախյան սեգմենտին՝ համոզվելու համար, որ «Նիկոլ ծախեց Արցախը» նարատիվի քարոզիչների թիվը կրիտիկական չափերով նվազել է:
Այս իրավիճակում Ստեփանակերտի «ընդհատակյա մարզկոմն» անցել է «սա է վերջին կռիվը» քարոզչության, որ ձեւակերպվել է Ազգային ժողովի չորս խմբակցությունների հայտարարությամբ, որի ենթատեքստն այլ բան չէ, քան՝ «մեզ հանգիստ թողեք, թե չէ խառնակչություն կսկսենք» խնդրանք-նախազգուշացում: Ստեփանակերտն այդպիսով փաստացի փորձում է Երեւանին օրակարգ թելադրել: Քաղաքական ինչ «ուղտեր են թաքնված» անցյալ տարվա օգոստոսի 8-ից մինչեւ սեպտեմբերի 28-ը Ստեփանակերտում ծավալված իրադարձությունների խորքում՝ կարելի է ենթադրել դերակատարների ագրեսիվ նյարդայնությունից:
Կարելի է նաեւ հասկանալ նրանց, բայց դա պատասխանատվությունից ինդուլգենցիա չէ: Քաղաքական զոհի դիմակ հանգնելու հարկ չկա: Եթե այդ մարդիկ նույնիսկ խաբված են, խաբվել են, ապա՝ միայն ԼՂ-ում ռուսական զորախմբի նկատմամբ իրենց անմնացորդ հավատից կամ էլ՝ պարտավորվածության դիմաց ակնկալիքներից:









































