Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին փառապանծ տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ:
Սա հիրավի համաժողովրդական տոն է, բոլոր հայերի տոնը` աշխարհի տարբեր ծայրերում: Տոն, որն իրականություն դարձրեց աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի` հազարամյակների քաղաքակրթություն ունեցող հայ ժողովրդի դարավոր երազանքը` կառուցել իր պետականությունը իր հողի վրա, դաստիարակել սերունդներին իր նախնիների ոգով` միշտ վառ պահելով հայրենի օջախի կրակը:
Մենք նվաճեցինք մեր անկախությունը չափազանց բարդ ու դժվարին ճանապարհով: Այն հնարավոր դարձավ մեր համախմբվածության ու միասնականության շնորհիվ: Դա մեծագույն հաղթանակ է, որը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Եվ յուրաքանչյուր հայի պարտքն է` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, անել ամեն ինչ, որպեսզի այդ հաղթանակը կրկնապատկվի ու հավերժանա, որպեսզի հայոց անկախ պետականությունը ամրապնդվի ու զորանա և մեր ժողովուրդն այսուհետ միայն հաղթանակներ տոնի:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն, մեծագույն հաջողություններ` ի փառս հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության»:







































