«Հայաստանի արտգործնախարարը բազմիցս է արտահայտվել հօգուտ Մադրիդյան սկզբունքների կիրառման»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով Էդվարդ Նալբանդյանի սփյուռքի կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ կատարած հայտարարության մասին, կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Տեղեկացնենք, որ Նալբանդյանն իր խոսքում նշել էր, որ ԼՂ հարցի շուրջ բանակցություններն այժմ ընթանում են 2007թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած Մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Նալբանդյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցմանը:
Արման Մելիքյանը նկատեց, որ Հայաստանի նման մոտեցումը նորություն չէ, և հայկական պատվիրակությունը Կազան մեկնել էր հենց այդ սկզբունքների հիման վրա շարադրված փաստաթուղթը ստորագրելու հաստատ նպատակով: Մելիքյանի կարծիքով՝ նման դիրքորոշումը սեփական քաղաքականության բացակայության արդյունք է:
«Կազանի հանդիպումը, ըստ էության, ձախողվեց, Ռուսաստանի նախագահին չհաջողվեց Ադրբեջանին պարտադրել այս մոտեցումները, և հիմա նորից խոսել այդ մասին, կարծում եմ, տեղին չէ»,- մանրամասնեց Մելիքյանը: