Որպեսզի իրենց տնտեսությունը բարձրացնեն, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան, պետք է լքեն եվրոգոտին: Այսպիսի կարծիք է հայտնել Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի տնօրենների խորհրդի անդամ Ժար Սապիրը РБК-ТВ-ի «Երկխոսություն Միխայիլ Խազինի հետ» հաղորդման ժամանակ: Նրա խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը հնարավոր է, եթե եվրոգոտին լքի Հունաստանը, որը կարող է նման կերպ վարվել:
«Իտալիայում և Իսպանիայում ոչ միայն զբոսաշրջություն կա, այլև արդյունաբերություն: Երբ մենք ստեղծեցինք եվրոն, այդ երկրներում պոտենցիալ աճի հետ կապված խնդիրներ կային: Պոտենցիալ աճը Պորտուգալիայում, Իսպանիայում և Իտալիայում եղել է ՀՆԱ-ի տարեկան 1%-ի չափով: Դա շատ չէ: Այդ երկրներին պետք է աճ ՀՆԱ-ի 2-3%-ի չափով, եթե նրանք ցանկանում են կրճատել իրենց պարտքը»: Փորձագետը նշել է, որ այս երկրները չեն հասնի էական աճի, «քանի դեռ եվրոյի գոտում են»:
Մ. Խազինի խոսքերով՝ «Փաստորեն, դա նշանակում է, որ եվրոն, եթե դիտենք քաղաքական տեսանկյունից, այլ ոչ թե տնտեսական, պետք է լինի Հյուսիսային Եվրոպայի արժույթը` Գերմանիա, Ֆրանսիա, Բենելյուքսի երկրներ, Դանիա, Ավստրիա»: Մ. Խազինը ենթադրում է, որ եթե օգտագործվի այդ մոդելը, ապա պետք է հրաժարվել որոշ քաղաքական ամբիցիաներից: Միաժամանակ, եթե եվրոգոտուց հեռացվեն թույլ երկրները, եվրոն կաճի և խնդիրներ կստեղծի Գերմանիայի և Ֆրանսիայի արտահանման համար:
«Իհարկե, եթե Իտալիան և Իսպանիան դուրս գան եվրոգոտուց, ապա եվրոն կաճի և կարող է հասնել 1.5-1.6 դոլար/եվրո»,- հաստատեց Ժ.Սապիրը: Դրա հետ մեկտեղ նա նշեց, որ այս երկու արժույթների օպտիմալ հարաբերությունը 1.2-1.25 նիշն է:








































