Պերմի մարզի Չերնուշկե քաղաքում Հայաստանի քաղաքացին կրակ է բացել և դանակահարել այն մարդկանց, որոնք ծեծել են իր հայրենակցին: Այս միջադեպի հետևանքով 4 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Ոստիկանությանը հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 17-ին քաղաքի սրճարաններից մեկում ՀՀ քաղաքացին ծեծի է ենթարկվել այն բանից հետո, երբ տեղացին կոշտ արտահայտություններ է թույլ տվել մի կնոջ հասցեին, իսկ հայաստանցի նրան նկատողություն է արել: Ծեծված հայը դիմել է իր հայրենակիցներին, որոնք մի քանի ժամից եկել են դեպքի վայր` տեղացու «հախից գալու համար»: Interfax գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացին կրակել է տրավմատիկ զենքից: Եթե հայաստանցու մեղքն ապացուցվի, ապա նրան սպասվում է մինչև 15 տարվա ազատազրկում: Միջէթնիկ բախումները կանխելու համար ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում:









































