ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային հանձնաժողովի նախագահ, հանրապետական Փոլ Ռայանը նախագահ Բարաք Օբամային մեղադրել է «դասակարգային պատերազմ հրահրելու» մեջ` հաշվի առնելով նախագահի կողմից հարուստ ամերիկացիներից հավելյալ հարկեր գանձելու մասին որոշումը:
Այս մասին Փոլ Ռայանը հայտարարել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամը նշել է, որ նախագահի ծրագիրը կարող է լրջորեն վնասել երկրի առանց այն էլ ճգնաժամային իրավիճակում հայտնված տնտեսությանը, քանի որ «աշխատատեղեր ստեղծող անձանց հարկերի բարձրացումը ոչ մի լավ բանի չի կարող բերել»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրես է ներկայացրել աշխատատեղեր ստեղծելու մասին նոր օրինագիծ, ինչի իրականացումը պահանջում է 447 միլիարդ դոլար: Այս գումարների մեծ մասը նախագահը մտադիր է հավաքել 1 միլիոն և ավել տարեկան եկամուտ ունեցող ամերիկացիներից հավելյալ հարկեր գանձելու միջոցով, ինչն առաջացրել է Հանրապետական կուսակցության դժգոհությունը:









































