Ամերիկյան The New York Times թերթին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին մեղադրել է Թուրքիային կեղծ խոստումներ տալու մեջ.
«Ներկայումս Թուրքիան բոլոր իրադարձությունների կենտրոնում է։ Թուրքիան բախվել է դավաճանության հետ և իրեն խաբված է զգում։ Ասադը կեղծ խոստումներ է տվել, նա չի պահել իր խոստումները։
Իսրայելն ինքն է ընտրել իր ուղին։ Շարունակելով մերժել բոլոր առաջարկները՝ Իսրայելը միայն խորացրեց իր միայնությունը։ ԱՄՆ ազդեցությունը նվազել է տարածաշրջանում և ստեղծված պայմաններում ռազմական և բնակչության տեսանկյունից՝ տարածաշրջանի խոշորագույն երկրների՝ Թուրքիայի ու Եգիպտոսի համագործակցությունը կարող է հանգեցնել նոր ուժային կենտրոնի ի հայտ գալուն։
Այդ ուժային կենտրոնն ուղղված չի լինի Իսրայելի, Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ։ Դա կլինի տարածաշրջանի երկու խոշորագույն երկրների կողմից ստեղծված ժողովրդավարացման ուղի, որը հյուսիսից կձգվի դեպի հարավ՝ Սև ծովից մինչև Նեղոսի հովիտը։
Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար մեզ անհրաժեշտ է ուժեղ Եգիպտոս։ Ոմանք կարող են կարծել, թե Թուրքիան ու Եգիպտոսը մրցակցում են միմյանց հետ, սակայն մեր ռազմավարական որոշումն այդպիսին է. մենք ցանկանում ենք տեսնել ուժեղ Եգիպտոս»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավութօղլուն իր իսկ նախաձեռնած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության տապալման համար մեղադրել էր Թուրքիայի հարևաններին։









































