«Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատվություն է վերցնում Հայաստանի նկատմամբ», Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյին: Նա մատնացույց է արել պաշտպանական ոլորտում սկսած գործակցությունը: Այդ գործակցության բնույթն ու չափն այսօր բոլորովին այն չէ, ինչը պահանջվում է Հայաստանի կայուն ինքնապաշտպանության հնարավորության համար: Բայց, նաեւ հասկանալի է, որ դա գործընթաց ու խնդիր է, որը պահանջում է հենց ժամանակ:
Սակայն, պահանջվում է ոչ միայն ժամանակ, այլ նաեւ լոգիստիկա: Պաշտպանական խորը եւ ծավալուն, կայուն գործակցության համար պահանջվում է դրան համարժեք եւ կայուն լոգիստիկա: Առանց դրա հնարավոր չէ իրացնել պատասխանատվությունը, դա քննարկելն իսկ ավելորդ է: Հետեւաբար հարց է առաջանում, թե ինչպիսի լուծումներ կան այդ առումով, եթե նկատի առնենք, որ հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության լոգիստիկ ուղիները երկուսն են ՝ Վրաստան եւ Իրան: Ընդ որում, Իրանի պարագայում տարբերակը կարծես թե առավել տեսական է, քանի որ այն ամենաերկար ու բարդ ուղին է թե քաղաքական, թե հենց տրանսպորտային իմաստով:
Բայց, ոչ պակաս բարդ է նաեւ Վրաստանը, եթե հաշվի առնենք երկու հանգամանք: Նախ ինքնին Վրաստանը եւ այդ երկրի հանդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի բավականին շոշափելի ազդեցությունը, որը բավականին նկատելի է, եւ երկրորդ՝ Սեւ ծով, որտեղ եւս կան բարդ խնդիրներ եւ ըստ էության նույնիսկ հասունանում է սեւծովյան ավազանի ստատուս-քվոյի համար վճռորոշ մի դիմակայություն: Ընդ որում, դրան նկատելիորեն պատրաստվում է նաեւ Ֆրանսիան, ինչի վկայություն են թե Ուկրաինայի, մասնավորապես Օդեսայի վերաբերյալ Մակրոնի հայտարարությունները, թե քայլերը Մոլդովայի ուղղությամբ:
Ինչպե՞ս է պատրաստվում լոգիստիկ խնդիրները լուծել Ֆրանսիան, աշխարհաքաղաքական բարդություններով հանդերձ, որ ունեն այդ խնդիրները: Այստեղ է հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցությանն առնչվող առանցքային հարցերի պատասխանը: Ի դեպ, ուշագրավ է, արդյո՞ք այդ հարցերը քննարկվել են նախօրեին՝ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցում, որը փաստացի շատ երկար դադարից հետո ֆրանս-ռուսական առաջին շփումն է ռազմա-քաղաքական այդպիսի մակարդակում, կամ առնվազն հանրայնացվող շփումը:
Ընդ որում, նաեւ մեծ հաշվով Ռուսաստանի հետ արեւմտյան դերակատարների շարքում առաջին շփումը՝ շատ մեծ դադարից հետո: Եվ, գուցե ուշադրության արժանի դետալ է եւ այն, որ դա տեղի է ունենում Մակրոն-Բլինքեն փարիզյան հանդիպումից հետո: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, հաշվի առնելով սեւծովյան իրողություններն ու Վրաստանի հանգամանքը, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ կա համատեղ աշխատանքի շահերի որոշակի ընդհանրություն: Կողմերը կկարողանա՞ն աշխատել դրա շուրջ, թե՞ ոչ, սա հարցի մյուս կողմն է:







































