MediaHub- ի բացառիկ տեղեկություններով՝ Սարգիս Գալստյանը, որ կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում՝ «օրերս վերադարձել է Հայաստան, բայց ԱԱԾ-ն նրան բերման է ենթարկել»: Տեղեկությունը, ըստ լրատվամիջոցի, չի հաստատվել, բայց եւ չի հերքվել, իսկ Սարգիս Գալստյանի հարազատներն «անակնկալի են եկել, երբ այդ մասին հարցրել են»: Լրատվամիջոցը տպավորություն է ստացել, թե նրանք տեղյակ են Սարգիս Գալստանի «ձերբակալությունից» եւ զարմացել են, թե որտեղի՞ց է դա հայտնի դարձել:
Խնդիրն այս դեպքում ոչ այնքան MedaHub-ի տեղեկացված-չտեղեկացված կամ որտեղից տեղեկացված լինելն է, այլ՝ լրատվամիջոցի ձեւակերպումը, թե Սարգիս Գալստյանի մասին «մի պահ գրվեց, որ Ադրբեջանը նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ»: Հիշվում է, որ այդ տեղեկատվությանը երկու արձագանք է հաջորդել. Սարգիս Գալստյանի հարազատները սպառնացել են դատի տալ լուրն առաջինը տարածած լրագրողին, իսկ Արցախի իշխանությունը հակադարձել է, որ Սարգիս Գալստանն Ստեփանակերտում է մնացել որպես «նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»:
Անցած ամիսներին Արցախի իշխանական աղբյուրները Սարգիս Գալստյանին «նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից» ազատելու մասին որեւէ տեղեկություն չեն հրապարակել: Ինքը՝ Սարգիս Գալստյանը տարեսզբին ՖԲ անձնական էջում գրառում է կատարել, որ լքում է սոցցանցային հարթակը, կոչ արել, որ բռնատեղահանված արցախցիները համախմբվեն ազգային-հայրենասիրական ուժերի շուրջ, իշխանությունից հեռացնեն Նիկոլ Փաշինյանին, որպեսզի գոնե Հայաստանը փրկվի:
Եթե Սարգիս Գալստանի «Հայաստան վերադառնալու» մասին տեղեկատվությունը ճիշտ է, ապա հարցեր են առաջանում: Հաշվի առնելով իր անձի շուրջ, մեղմ ասած, կասկածամտությունը, նա Ստեփանակերտից Երեւան կամ Հայաստանի ցանկացած այլ քաղաք կամ գյուղ տեղափոխվելու, հաստատվելու ցանկություն չպետք է ունենար: Քարոզչա-տեղեկատվական առումով, եթե Սարգիս Գալստայնն անգամ դեմ լիներ, Ադրբեջանին ավելի ձեռնտու տարբերակ էր, որ նա այլ երկիր մեկներ: Ալիեւի ռեժիմի համար ամենեւին էլ խնդիր չէր՝ Գալստյանին տեղափոխել Բաքու, հայտարարել, որ նա Հայաստանում բնակվելու ցանկություն չունի, խնդրում է իրեն արտոնել, որ մեկնի երրորդ երկիր:
Հարց է, թե Սարգիս Գալստյանն ինչպե՞ս է հատել Հակարիի անցակետը եւ մուտք գործել Հայաստանի տարածք: MediaHub-ը գրում է, որ նրան «բերման են ենթարկել Գորիսում»: Այսինքն, նա հատել է ոչ միայն ադրբեջանական, այլեւ՝ Հայաստանի սահմանը: Ո՞վ է կազմակերպել այդ անցումը: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը երեկ հրադադարը խախտել է Տեղ գյուղի հատվածում: Այդ կրակողները Սարգիս Գալստյանի հետ կապ ունեի՞ն: Ով կազմակերպել է նրա «Հայաստան վերադարձը» վստահաբար գիտեր, որ Սարգիս Գալստանը գոնե «պրոֆիլակտիկ» նկատառումներով հարցաքննվելու է:
Ի՞նչ է հետեւում այս ամենից: Սարգիս Գալստյանն անցած ամիսներին Ադրբեջանի ուժային կառույցների հետ որեւէ շփում ունեցե՞լ է: Ստեփանակերտում բնակվել է այնտեղ մնացած մոտ մեկ տասնյակ անձանց հե՞տ, գտնվել է «սոցիալական ապաստանու՞մ» եւ օգտվել ԿՄԽԿ աջակցությունի՞ց, թե՞ «ինքնավար կյանք» է վարել: Մի քանի անգամ նա տիկնոջ մասնակցությամբ «զբոսանքի» լուսանկարներ է հրապարակել: Բայց ամենակարեւորը «նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի»՝ նրան պաշտոնապես վերագրված կարգավիճակի խնդիրն է: Ի՞նչ առաքելությամբ է նա այդ «պաշտոնն ստանձնել»: Ավարտե՞լ է, եկել է «Հայաստան վերադառնալու» եւ Երեւանում ինչ-որ «հանձնարարություն ստանալու» ժամանակը:










































