Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13.48-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրիի Տերյան-Տիգրանյան փողոցների խաչմերուկում, այրվում է բենզալցակայան: Այս մասին «Առաջին լրատվականը» տեղեկացավ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Տեղում պարզվել է, որ այրվում է բենզալցակայանին կից գտնվող ավտոտնակում կայանած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին:
Նախնական տվյալներով` կա 2 տուժած, որոնց մինչև հրշեջ փրկարարների ժամանելը տեղափոխել են Գյումրիի Գյուլբեկյանի անվան հիվանդանոց:
Տուժածներից 42-ամյա Է. Կարապետյանի վիճակը միջին ծանրության է, իսկ 35-ամյա Ա. Հակոբյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում (մարմնի 70 % այրվածքներ):









































