Բաքվի մերձիշխանական haqqin.az-ը տարածել է «Կրոկուս սիթի հոլի» սեփականատեր Արազ Աղալարովի երկրորդ հայտարարությունը, բայց՝ առանց նշելու որեւէ աղբյուր, ինչից տպավորություն է ստեղծվում, թե դա արվել է հատուկ ալիեւյան քարոզչամիջոցի համար կամ կազմակերպել է հենց վերջինս: Ցանկացած տեղ, եթե կամուֆլյաժով մարդի ավտոմաքենայից դուրս են գալիս չորս «Կալաշնիկով»-ներով եւ սկսում բոլորին գնդակահարել, ապա պետք է հաշիվ տանք մեզ, որ ոչ մի անվտանգության ծառայություն…դա ռազմական գործողություն է: Ի՞նչ կարող է անել անվտանգության ծառայությունը,- ասել է Աղալարովը:
Նա, բնականաբար, ժխտել է արեւմտյան մամուլում մասնագետների գնահատականները եւ պնդել, որ շենքում հակահրդեհային համակարգը գործել է, հենց դրա շնորհիվ է, որ վեց ժամ տանիքը չի փլվել, եւ մարդիկ սրահից հեռանալու հնարավորություն են ունեցել: Աղալարովը, սակայն, հերքել է երեկ երեկոյան արված հայտարարությունը, որ անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը զոհվել է: Նա ասել է, որ «մի աշխատակից ,համարվում է անհայտ կորած, մյուսը վիրավոր է»: Ըստ երեւույթին, Աղալարովին սկսել են տհաճ հարցեր տալ: Բայց եթե նրա տեղեկությունը ճիշտ է, եւ ահաբեկիչները մեքենայից իջնելուց հետո սկսել են «բոլորին գնդակահարել»՝ ապա ինչու՞ է նա երեկ երեկոյան ասել, որ նրանք ոչ թե մուտքից են շինություն մտել, այլեւ՝ հարեւան «կառույցի տանիքից»: Իսկ եթե ահաբեկիչները հենց առաջին վայրկյանից կրակ են բացել, ապա անվտանգության ծառայության աշխատակիցներից պետք է որ զոհեր եւ վիրավորներ լինեին:
«Ի՞նչ կարող է անել անվտանգության ծառայությունը…Դա ռազմական գործողություն է»՝ Աղալարովի ասածից հետեւում է, որ «Կրոկուս սիթի հոլի» անվտանգության ծառայությունը ոչ մի դիմադրություն ահաբեկիչներին չի ցուցաբերել: Բայց դա երեւույթի մի կողմն է: Աղալարովը որպես եփականատեր համերգասրահի անվտանգության համար իրավական պատասխանատվություն չի կրում, քանի որ այդ գործառույթը, ինչպես հենց ռուսաստանյան մամուլն է վկայում, պայմանագրային հիմունքներով վերապահված է մասնավոր պահնորդական ընկերության, որի սեփականատերն, ի դեպ, նախկին բաքվաբնակ ադրբեջանցի է: Աղալարովն ինչու՞ է նրան ապահովագրում:
Աղալարովն արդեն հայտարարել է, որ համերգասրահը «կվերակառուցվի»: Ըստ տեղեկությունների՝ շինությունն ապահովագրված է, բայց ինչպե՞ս, եթե այն պետական համապատասխան գրանցում չունի: Աղալարովը նույնիսկ պետական սուբսիդիա ստանալու հեռանկար է տեսնում: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները վկայում են, որ Էմին Աղալարովի եւ Իլհամ Ալիեւի ավագ դստեր՝ Լեյլայի ամուսնալուծությունը «բիզնես-գործարք է»: Ամուսնալուծվելով՝ Լեյլա Ալիեւան «դարձել է «Կրոկուս հոլդինգի» բաժնետեր»: Ի՞նչ մասնաբաժնով՝ հայտնի չէ: Ու՞մ է իրականում պատկանում «Կրոկուս սիթի հոլը»: Արազ Աղալարովի՞ն, թե՞՝ Իլհամ Ալիեւի ընտանիքին: Եւ եթե Աղալարովին սկսել են կամ կարող են տհաճ հարցեր ուղղել, ապա պատասխանի ո՞ր բաժինն է Իլհամ Ալիեւինը:









































