Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի համար առանցքային են տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը, ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանությունը։ Ուրուգվայական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը շեշտել է, որ այդ մոտեցումը միանգամայն համահունչ է միջազգային իրավունքին, և միջազգային հանրության կողմից դրան աջակցությունը չափազանց կարևոր է։
«Եվ այս կարևորությունն ընդգծվում է հատկապես ներկայիս պայմաններում, երբ ձևավորված միջազգային իրավակարգը շատերի կարծիքով չի գործում, ուստի միջազգային հարաբերությունների հիմքում դրված՝ իմ կողմից նշված առանցքային սկզբունքների, միջազգային իրավունքի պաշտպանությունը կարող է ձևավորել անհրաժեշտ միջավայրը, որի կարիքը մեր տարածաշրջանում մեծապես զգացվում է»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։










































