Դիլիջանում վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանը, ռեֆորմներին, առկա խնդիրների լուծմանն առնչվող հարցեր: Ուշադրության է արժանի այն, որ անցնող շաբաթ Հայաստանի վարչապետն ընդունել էր Արժույթի Միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ավելորդ է թերեւս խոսել Հայաստանի տնտեսական «հետագծում» Արժույթի միջազգային հիմնադրամի մշտապես ունեցած մեծ դերի մասին, ընդ որում թե անմիջական տնտեսական, թե նաեւ քաղաքական եւ ըստ էության գեոքաղաքական շերտերի իմաստով:
Այդ առումով, Պետրովայի այցի եւ նրա հետ հանդիպումից երեք օր անց Դիլիջանում կազմակերպված խորհրդի նիստը կարո՞ղ է պայմանավորված լինել ԱՄՀ պաշտոնյայի հետ քննարկումներով, թե՞ ժամանակագրական անմիջականությունը զուգադիպություն է, համընկնում: Համենայն դեպս ուշադրության է արժանի Փաշինյան-Պետրովա հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մի ձեւակերպում. Հայաստանի վարչապետը ԱՄՀ պաշտոնյային հայտնել է, որ «Հայաստանի կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է մակրոտնտեսական կայունության ապահովումը:
Ինքնին իհարկե հասկանալի է, որ դա առանցքային եւ բացարձակ խնդիր է ցանկացած կառավարության համար, եւ դա անխոս առաջնահերթություն է, ինչպես օրինակ շնչելը: Հետեւաբար, երբ ԱՄՀ առաքելության ղեկավարի հետ հանդիպմանը վարչապետը խոսում է այդ մասին, առաջանում է հարց՝ արդյո՞ք այդ առնչությամբ եղել է հարցադրում ԱՄՀ պատվիրակից, եղել են որոշակի կասկածներ, թե՞ Երեւանն այդ առնչությամբ ակնկալիքներ ունի ԱՄՀ-ից: Միեւնույն ժամանակ, այդ հարցադրումները թերեւս արդիական են նաեւ այն մեծ փոփոխությունների ֆոնին, որոնք կարծես թե տեղի են ունենում Հայաստանի ֆինանսական շուկայում, բանկային համակարգում խոշոր առքուվաճառքների տեսքով:
Դրան զուգահեռ, Հայաստանի տնտեսությունը հայտնվել է քաղաքական որոշակի մարտահրավերների ռիսկի առաջ, որոնք առնվազն բացառելի չեն հայ-ռուսական հարաբերության համատեքստում, պայմանավորված Հայաստան-Արեւմուտք փոխհարաբերության իրողությունների հետ: Միեւնույն ժամանակ, Հայաստանի տնտեսությունն օբյեկտիվորեն հայտնվել է իրավիճակում, երբ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ ՌԴ հանդեպ պատժամիջոցների «շնորհիվ» առաջացած կոնյուկտուրային մեծ էֆեկտը էապես դանդաղում է, զգալիորեն նվազեցնելով նաեւ տնտեսական աճի տեմպը: Դրան զուգահեռ, բավականին հակասական վիճակ է տնտեսության առանցքային ցուցիչ-ճյուղերից մեկում՝ անշարժ գույքի շուկայում, որտեղ առաջանում են փուչիկի, հետեւաբար պայթյունի ռիսկ: Նախորդ տարի ԱՄՀ փորձագետներն էին հաշվարկել, որ Հայաստանի տնտեսական աճի իրական ներուժը 4 տոկոսից մի փոքր է ավելի: Արդյո՞ք Երեւանն այդ հարցերն է քննարկել ԱՄՀ պատվիրակության հետ, ինչից հետո էլ առաջացել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի անհրաժեշտություն:









































