Carbyn ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին օպերացիոն համակարգը, որը ստեղծվել է HTML5-ի հիման վրա: Այս ՕՀ-ն հատուկ տեղադրման կարիք չունի, այն բացվում է միանգամից դիտարկչում, ընդ որում՝ հասանելի է ցանկացած սարքից: Այս մասին հայտնում է PCNews կայքը:
Ստեղծողները ներկայացրել են ՕՀ-ի աշխատանքը iPad պլանշետի, Playbook-ի, նաև՝ սեղանի համակարգչի վրա: Ինչպես յուրաքանչյուր ժամանակակից ՕՀ, Carbyn-ը պատրաստված է ծրագրերի հետ աշխատելու համար: Այս համակարգում աշխատում է ցանկացած HTML5-հավելված, որը գործում է ոչ թե առանձին, այլ փոխկապակցված: Օրինակ՝ երաժշտական նվագարկիչն ավտոմատ անջատվում է, երբ Skype-ով զանգ է գալիս:
Ամենից շատ համակարգը նման է Google Chrome OS-ին, բացառությամբ այն բանի, որ Chrome-ը պահանջում է հատուկ տեղադրում և աշխատում է միայն մի քանի նեթբուքներում:








































