Այսօր տեղի է ունեցել Orange WiFi «անկյունների» պաշտոնական բացումը Երևանի Պետական Համալսարանում և Հայաստանի Պետական Ագրարային համալսարանում: Երևանի Պետական Լեզվաբանական Համալսարանում և Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտում նման անկյուններ պատրաստ կլինեն արդեն հաջորդ շաբաթվանից, այնպես որ շուտով Երևանի չորս բուհերի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange wi-fi ինտերնետից:
«Ինտերնետն արդեն մեր առօրյա կյանքի, ինչպես նաև ուսումնական գործընթացների անխուսափելի ու անբաժան բաղկացուցիչն է: Այն այսօր աշխարհի համալսարաններում նույնքան կարևոր և պարտադիր է, ինչքան գրադարանը: Վստահ եմ, որ այս WiFi անկյունները կփոխեն ուսանողների ամենօրյա ուսումնական կյանքը, կհեշտացնեն նրանց գործը և ինչու ոչ, թույլ կտան նաև երբեմն գումար խնայել: Որպես պատասխանատու ընկերություն` մեր կարևորագույն նպատակներից է ինտերնետը հասանելի դարձնել բոլորին», -ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Անլար և ազատ մուտքով ինտերնետ կապ օգտագործելու այն հնարավորության ընձեռնումը ԵՊՀ ուսաողների համար ամբողջովին համահունչ է համալսարանում տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման ռազմավարական մոտեցումներին: Հավատացած եմ, որ Մայր բուհի և «Orange» ընկերության հերթական համագործակցությունը կպսակվի հաջողությամբ` ի շահ երիտասարդ սերնդի զարգացման ու առաջընթացի և օգտվելով առիթից կցանկանայի շնորհակալություն հայտնել Orange Արմենիային արդյունավետ և բազմակողմանի գործընկերություն ծավալելու համար», ասաց ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:
Ծրագիրը կյանքի է կոչվել շահառու համալսարանների և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի հետ համագործակցությամբ, որոնք հաշվի առնելով ուսանողների կարիքներն ու դիմումները, առաջարկեցին Orange-ին ստեղծել համալսարանական WiFi անկյուններ:









































